ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ միակողմանի գործողություններ կձեռնարկի Հուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի վերացման ուղղությամբ, եթե Չինաստանը չմեծացնի ճնշումը Փխենյանի վրա: Այս մասին նա ասել է Financial Times պարբերականին տված հարցազրույցում:
Թրամփը թերթին ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ կքննարկի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրից եկող աճող սպառնալիքը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը Սի Ցզինպինի հետ կհանդիպի ապրիլի 6-7-ին:
«Չինաստանը Հյուսիսային Կորեայի վրա մեծ ազդեցություն ունի: Եվ Չինաստանը որոշում կընդունի՝ օգնել մեզ Հյուսիսային Կորեայի հարցում, թե ոչ»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ օգնության մասին Չինաստանի դրական որոշումն օգտակար կլինի Պեկինի համար, հակառակ տաբերակը ոչ ոքի օգուտ չի բերի:
Սակայն ԱՄՆ նախագահը հստակորեն հասկացրել է, որ Հյուսիսային Կորեայի խնդիրը կհարթի նաև առանց Չինաստանի օգնության: «Եթե Չինաստանը չի պատրաստվում լուծել Հյուսիսային Կորեայի խնդիրը, մենք կզբաղվենք նրանով: Սա ամենն է, ինչ ձեզ կասեմ»:







































