«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՌԱԿ նախկին ատենապետ, 2012-ից Պրահայում բնակվող Հարություն Առաքելյանը: Հիշեցնենք, որ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարություն Առաքելյանը մեղադրել էր «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, ինչից հետո Տիգրան Սարգսյանը նրա հանդեպ քաղաքական հետապնդում էր սկսել:
-Պարոն Առաքելյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հրավիրել է Սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության և գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին՝ մասնակից դառնալու երկրում ընթացող բարեփոխումներին, առաջին հերթին՝ կառավարման նոր մշակույթ բերելու, Սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար: Դուք 2012-ին մեղադրեցիք Տիգրան Սարգսյանին «Նաիրիտ» գործարանից 200 մլն դոլար հափշտակելու մեջ, ինչից հետ սկսվեց Ձեր հանդեպ քաղաքական հետապնդում: Ո՞ր դեպքում Դուք կվերադառնաք Հայաստան:
– Եթե իրոք արդարություն լինի, և օրենքի առաջ բոլորը հավասար լինեն: Գնացողների ճնշող մեծամասնությունը ոչ թե սոցիալական, այլ արդարության բացակայության պատճառով է գնում: Իսկ մնացածը՝ կոչերը, քարոզչությունը, ընտրությունները, դերասանություն են, ասենք՝ ճահճի մեջ տոնախմբություն են կազմակերպում: Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, ժողովրդի շահի հետ որևէ աղերս չունի: Հայաստանում ապրող ժողովուրդը ինքն իր երկրում սփյուռք է, այսինքն՝ դա իր երկիրը չէ: Ես այսօր օտարության մեջ եմ, սա իմ երկիրը չէ, բայց նույնը այսօր հայաստանցին է, սա իր երկիրը չէ, մի քանի հոգու երկիր է: Երբ կդառնա հայաստանցու երկիր, ժողովուրդը մասսայաբար հետ կգա:
– Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, համակա՞րգը պետք է փոխվի:
– Այնքան ասացին՝ համակարգը պետք է փոխվի, այդ բառն էլ արդեն արժեզրկվեց: Պետք է հայ ազգի պատասխանատուների գիտակցությունը փոխվի: Եթե ներքևի ժողովուրդը չի կարողանում իր ուզած հայրենիքը կառուցել, վերևները պետք է հասկանան ու այնպիսի երկիր կառուցեն, որ դա լինի շարունակական, զարգացող, և ամեն քաղաքացի հպարտ լինի, որ ինքն այս երկրի քաղաքացին է: Սա կամքի և գիտակցության խնդիր է: Երբ դրա գիտակցումը լինի, կամքը բնականաբար կգա: Ամենահիմար օրենքով կարելի է ամենաազնիվ ընտրությունները կազմակերպել, և ընդհակառակը՝ ամենալավ օրենքով կարելի է շատ անազնիվ ընտրություններ կազմակերպել: Այստեղ դարձյալ կամքի բացակայության մասին է խոսքը:
– Սեպտեմբերին եկած նոր վարչապետը հայտարարում էր, որ այդ կամքը կա, ներդրումային դաշտը կբարելավվի: Սակայն որևէ ներդրող չի գալիս Հայաստան: Փոխարենը «գցված» սփյուռքահայերի շատ դատական գործեր այսօր էլ դատարաններում են: Եթե մի խնդիր լուծում ստանար, արդյոք նախադեպ չէր լինի՞:
– Տեսեք, երբ ասում եմ՝ վերևները գիտակցեն, ես դրա մասին եմ ասում, որ Սփյուռքի կապիտալի ներկայությունը Հայաստանում խիստ անհրաժեշտ պայման է, որպեսզի օտարն էլ գա: Օտարները՝ գործարարները, ֆինանսական խմբերը, լավ գիտեն, որ աշխարհում հայերը հաջողված գործարարներ են, բայց երբ հաջողված գործարարն իր երկրում ներդրում չի անում, այստեղ արդեն օտար գործարարը չի ուսումնասիրում Հայաստանի հարկային, մաքսային օրենքները, ուղղակի գիտի՝ այս երկիրն անկարգ երկիր է, ներդրում անելն այստեղ անիմաստ է, քանի որ հայ գործարարներն այստեղ ներդրում չեն անում: Եվ երբ հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինողների մոտ գիտակցումը լինի, օրենքներ ընդունեն, համոզեն, սիրաշահեն, չոքեն ու համապատասխան տեղերը պաչեն, Սփյուռքի կապիտալը բերեն Հայաստան ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես ներդրում, որպեսզի օտար ներդրողները գան, որպեսզի երկիրը զարգանա: Նույնը պետք է լինի գիտության, կրթության ոլորտներում: Սփյուռքի պոտեցիալը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Ժամանակին նույնիսկ հոդված ունեի գրած, որ Հայաստանի կառավարությունը պետք է դառնա համահայկական կառավարություն, այսինքն՝ եթե իրենք ման գան, արտասահմանում գտնեն գործարար կամ գիտնական, իրավաբան, կամ այլ ոլորտում կայացած հայի և նրան շնորհեն ՀՀ կառավարության ներկայացուցչի տիտղոս, դրա դիմաց այդ մարդը ծրագիր գրի, թե ինքը՝ որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ինչ կարող է անել Հայաստանի համար: Այնպես որ, լուրջ պետք է մտածել, Սփյուռքի հետ հարաբերություններ ստեղծել, միկրովիրաբույժի պես մոտենալ Սփյուռքին և ոչ մսավաճառի պես:
– Պարոն Առաքելյան, «Նաիրիտի» շուրջ քննարկումները շարունակվում են: Դրսից ներդրողներ հայտնվեցին, բայց կառավարությունը նորից լռեց: Ըստ Ձեզ՝ խնդիրը ո՞րն է:
– «Նաիրիտը» մեկ խնդիր ունի, և այդ խնդիրը իրավական է։ Երբ իրավական հարցերը լուծվեն, այն անօրինականությունները, որ կատարվել են «Նաիրիտի» հանդեպ… դա աբսուրդի թատրոն է, որովհետև «Նաիրիտը» միայն «Նաիրիտը» չէ։ «Նաիրիտը» երբ քանդում ես, տեսնում ես և՛ դատական համակարգը, և՛ ոստիկանական, և՛ հարկային, և՛ մաքսային, ԿԲ, ֆինանսների նախարարություն… ամեն ինչ փոխկապակցված է: Սա անօրինականությունների մի շարք է, այսինքն՝ սա մի ամբողջ կառավարության սև գործ է, և ես այսօր չգիտեմ Հայաստանում մեկին, որ համարձակություն ունենա դա անել՝ թե՛ ներկայիս վարչապետը և թե՛ նախագահը, բնականաբար, իր աջ և ձախ ձեռքերը չի կտրի: Սա է իրականությունը:
– Այսինքն՝ շատերը պետք է պատասխանատվության ենթարկվեն, նաև՝ առաջին դեմքերի ՞ մակարդակով:
– Ոչ թե պատասխանատվության ենթարկվեն, այլ այդ գումարները հետ բերեն ներդնեն «Նաիրիտի» շահագործման մեջ: Այսինքն՝ կարող է ագահ են, գայթակվել են, ինչ-որ մի բան պետք է անել, մեղայականով ներկայանալ, և 300-400 միլիոնը բերել ներդնել: Այստեղ մարդկանց սպանել կոտորելը չէ հարցը, հարցը այդ գործազուրկներն են իրենց ընտանիքներով՝ 10000 հոգի մարդ է՝ գումարած մի շարք ընկերություններ, որոնք «Նաիրտի» աշխատելու դեպքում աշխատում են, 25.000-30.000 մարդ է «Նաիրիտը» կերակրում: Իմ ասածը սա է, բայց Հայաստանում որևէ դատավոր չկա, որ այս հայցն ընդունի։ Քանի անգամ ներկայացվեց, տեսաք՝ ինչ եղավ:









































