«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:
–Պարոն Բադալյան, առայժմ դեռևս հայտնի չէ բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերը, առաջինը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է հրապարակել ծրագիրը, և, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասել, շեշտը դրվում է ղարաբաղյան հիմնահարցի վրա: Ձեր կարծիքով՝ նախընտրական շրջանում այս հարցը ներքաղաքական օրակարգ բերելով՝ ինչքանո՞վ է հնարավոր, որ ընտրողը կառաջնորդվի հենց դրանով:
-Կարծում եմ՝ այստեղ մի քանի տեսանկյուն կա, որոնց արժե անդրադառնալ. նախ՝ ինչքանով է Հայաստանում ընտրական գործընթացը հիմնվում նախընտրական օրակարգ բերված թեմաների, գաղափարների, մոտեցումների վրա, և ինչքանով են հիմնված վարչական լծակների վրա, որ թելադրում է և իրականացնում է իշխանությունը: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի, ավելի շուտ Լ. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այդ մոտեցումը ավելի շատ պայմնավորված է մարտավարական առումով նախընտրական իրավիճակով, բայց կարծում եմ՝ նաև որոշակի հեռահար ազդակներ և մեսիջներ է պարունակում իր մեջ, ավելի շատ ոչ այնքան հանրությանը, որքան իշխանությանը, մասնավորապես Սերժ Սարգսյանին: Այս առումով հիշարժան է այն, որ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած այս մոտեցումը հնչեց ՀՀԿ-ի համագումարից հետո և ինչ-որ իմաստով պատասխան էր նաև Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթին: Այդ ելույթի մեջ նա հայտարարում էր, որ առաջիկայում, նաև այս ընտրություններով պետք է հստակեցվի, տարանջատվի ընդդիմություն-իշխանություն սահմանը, և պետք է գնա քաղաքական դաշտի խոշորացում, այսինքն՝ հռչակվում էին իշխանության պլանները և պատկերացումները, և դրան ի պատասխան՝ հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի անուղղակի պատասխանը ՀԱԿ համագումարում: Կարծում եմ՝ դրա հիմքում այն է, որ Տեր-Պետրոսյանն առաջարկում է տարանջատել, ընդդիմություն-իշխանություն գիծը անցկացնել՝ այսպես ասած՝ պատերազմի և խաղաղության կուսակցությունների բաժանումով: Հիմքում հենց այս մեսիջները, առաջարկն էր ուղղված իշխանությանը: Սա կարող էր ունենալ նաև նախընտրական էֆեկտ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































