ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագրում Իրաքը կբացառվի երկրների ցուցակից (Սիրիա, Իրան, Իրաք, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն), որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելված է։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
Հաղորդվում է, որ վարչակազմի որոշումը կապված է Պենտագոնի և Պետդեպի կողմից գործադրվող ճնշման հետ, որոնք կոչ են արել Սպիտակ տանը վերանայել Իրաքի ներառումն այդ ցուցակ, քանի որ երկիրն առանցքային դեր է խաղում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
Սպասվում է, որ Թրամփը նոր հրամանագիրը կստորագրի չորեքշաբթի։







































