Սերբիայի նախագահ Բորիս Թադիչն այսօր հանդես է եկել հատուկ մամլո ասուլիսով, որի ժամանակ հայտարարել է բոսնիական սերբերի զինվորական նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի ձերբակալության մասին, որը թաքնվում էր արդարադատությունից 1995 թ.-ից:
«Այսօր առավոտյան ձերբակալվել է Ռատկո Մլադիչը՝ անվտանգության ու տեղեկատվության և ռազմական հանցագործությունների բացահայտման ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում»,- ասել է Թադիչը: Նա նաև տեղեկացրել է, որ Մլադիչի արտահանձման գործընթացը սկսված է` հավելելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Սերբիայի տարածքում:
Հիշեցնենք, որ 1995 թ. Ռատկո Մլադիչը մեղադրվել է նախկին Հարավսլավիայի տարածքում այդ պետության փլուզումից հետո ծագած պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ գործելու մեջ. մասնավորապես՝ բոսնիական Սրեբրենիցայում տեղի մուսուլմանների սպանդ կազմակերպելու մեջ: Այդ օրվանից նա խուսափում էր արդարադատությունից:









































