Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործման մասին որոշում կկայացնի՝ կախված իրավիճակի զարգացումից: Այդ մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կարող եմ ձեզ ցույց տալ ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդեր»-ի կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի հետ:
Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպող զենք է: Բոլորովին ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է սառեցնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»,-ասել է նախարարը:










































