Արդեն մի քանի ամիս է, ինչ ազատամարտիկներն իրենց սոցիալական խնդիրները լուծելու պահանջով նստացույց են անում: Վանաձորը չորրորդ, բայց հերթական քաղաքն է նստացույց անող ազատամարտիկների համար: Նրանք նույն նպատակով դեռ Սյունիք պիտի գնան, հետո՝ Արցախ:
Վանաձորի Հայքի հրապարակում ազատամարտիկներին հանդիպել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Լոռու մարզի ոստիկանության վարչության բաժնի պետ Ա.Ղազարյանը: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել ազատամարտիկներին օգնելու հարցում:
«Շատ լավ է ամեն ինչ, մենք շատ ջերմ ընդունելության ենք արժանացել Վանաձորում: Այստեղի բնակիչներից մոտ 100 մարդ եկել-գրել է, որ աջակցում է մեզ: Այսօր ու վաղն այստեղ ենք լինելու, ընթացքում կերևա, թե ինչքան կմնանք: Ամեն դեպքում, անժամկետ է նստացույցը, դեռ չգիտենք, թե երբ ենք այստեղից դուրս գալու»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Կազմակերպվում է ստորագրահավաք: Նրանց են միացել նաև Վանաձորի, Գյումրու, Ապարանի ազատամարտիկները: Համախմբելու են նաև Վանաձորի ազատամարտիկներին:
Վոլոդյա Ավետիսյանը երեկ՝ օգոստոսի 22-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին նշեց, որ իրենք դեմ չեն դրան:
«Ցույց է, պայքար է, հանրահավաք են անում տղաները, թող անեն, նորմալ է: Ես նորմալ եմ վերաբերվում յուրաքանչյուր պայքարին, եթե արդար է»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկների մի մասը Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ, հանրահավաքներ է կազմակերպում ժողովրդի սոցիալական հարցերը լուծելու պահանջով, մյուս մասը ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման պահանջով մարզերում է նստացույց անում:









































