Մոտ երկու շաբաթ առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր ընկերությունների ցանկը և հայտարարել էր, որ այդ ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին: Իսկ Պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր ընկերությունների թվում կային հանրությանը հայտնի այնպիսի անուններ, ինչպիսիք են «Նաիրի բժշկական կենտրոնը», որը, ասում են, պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը, «Հովնանյան ինտերնեյշնլը», պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգը» և այլն: Այդ ընկերությունները քողարկված ու բացահայտ դժգոհություն բարձրացրին ֆինանսների նախարարության վերը նշված որոշման առնչությամբ, քանի որ մինչև աուդիտորական դրական եզրակացություն չստանան՝ չեն կարողանա մասնակցել պետական գնումների գործընթացին և չեն կարողանա պետությունից եկամուտներ ստանալ:
«Առաջին լրատվական»-ը այս թեմայի առնչությամբ զրուցել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, պարտադիր ֆինանսական աուդիտ չանցած խոշոր ընկերությունները թեև քողարկված, բայց մամուլում դժգոհություն արտահայտեցին Ձեր այն որոշման նկատմամբ, որ նրանց թույլ չի տրվելու մասնակցել գնումների գործընթացին: Ֆինանսների նախարարությունը նման ի՞նչ դժգոհություն է ստացել:
– Երկու խնդիր կա: Առաջինն այն է, որ մենք հրապարակել ենք ընկերությունների անունները, որոնց նկատմամբ աուդիտորական եզրակացությունը դրական չի եղել: Նրանք խոշոր ընկերություններ են, այսինքն՝ ունեն որոշակի բիզնես-համբավ: Կարելի է ենթադրել, որ այդ համբավն իրենց համար կարևոր է, և նրանք չէին ուզենա իրենց անունը տեսնել նման ցանկում:
Այդ ընկերությունները դժգոհ են նաև, որ պետությունը որոշում կայացրեց չընդունել նրանց որպես մատակարար, եթե նրանք թափանցիկ չեն աշխատում, եթե նրանց առնվազն հաշվապահությունը կամ ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն, ամբողջությամբ չեն արտացոլում իրենց իրական ֆինանսական վիճակը:
Սրանք այն հիմնական պատճառներն են, որոնցից դժգոհ են այդ ընկերությունները: Իսկ մեր ստացած բողոքներն այդ դաշտից չեն եղել: Եղել են դժգոհություններ, թե իրենց աուդիտորական եզրակացության մեջ մի փոքր վերապահում է եղել, որն ընդամենը հաշվապահական սխալ է: Մի ընկերություն իր նամակում գրել էր, որ մենք մեր այդ որոշումով խտրական վերաբեմունք ենք դրսևորում խոշոր ընկերությունների նկատմամբ՝ հօգուտ փոքրերի:
– Ո՞ր ընկերությունն է դա ասել:
– Թույլ տվեք չասել: Այդ ընկերությանը ֆինանսների նախարարությունը պատասխանել է, որ խոշոր ընկերությունները մրցակցային լինելու ավելի շատ հնարավորություններ ունեն, քան ցանկացած փոքր ընկերություն: Եվ այդ առումով որոշակի պարտավորություն պետք է կրեն՝ լինի դա սոցիալական թե ավելի բաց ու թափանցիկ աշխատելու պատասխանատվություն: Որ չկարողանան շուկայում իրենց դիրքը չարաշահել և փոքր ընկերությունների նկատմամբ ոչ շուկայական գործողություն անել:
Այդտեղ չկա խտրականություն, հակառակը, մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք չկարողանան իրենց դիրքը օգտագործել փոքրերի նկատմամբ: Կամ՝ դեղ ներկրող մի ընկերություն բողոք է ներկայացրել, որ ընդամենը մի վերապահումով կարծիք է եղել, ինչը հաշվապահության հետ կապված փոքր խնդիր է: Բայց երբ բացում ենք այդ վերապահումով կարծիքը, այնտեղ նշված է, թե աուդիտորը չի կարողացել համոզվել այդ ընկերության պաշարների հաշվառման և առկայության մեջ:
– Դա պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությո՞ւնն է եղել:
– Ոչ: Իսկ դեղ ներմուծող ընկերության համար պաշարը դեղն է: Այսինքն՝ աուդիտն ասում է, թե նա այդ պաշարների մեջ չի կարողացել համոզվել: Եվ եթե ընկերությունը 4 մլրդ դրամ ակտիվներ ունի, 2 մլրդ-ը պաշարներ են: Աուդիտն ասել է, որ նրա հաշվեկշռի կեսի մասին կարծիք չի կարող հայտնել:
– Իսկ դժգոհությունները համատարա՞ծ են:
– Ոչ, այսօրվա դրությամբ մենք մոտ 15 ընկերությունից ենք առարկություն ստացել, որոնց մեծ մասն արդեն անցել է աուդիտը, ներկայացրել են եզրակացությունները և հանվել են այդ ցուցակից:
Դ.Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































