ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ ներկայացուցիչները պետք է մահապարտ լինեն և կյանքի գնով պահեն քվեները տեղերում: Խորհրդարանական ընտրություններից առաջ նմանօրինակ հայտարարությունները հայաստանյան իրականության համար նորություն չեն, սակայն ԲՀԿ նախագահի դեպքում այն հնչում է առանձնահատուկ ներբերանգներով:
Բանն այն է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որ վերադարձել է քաղաքականություն, 2015 թվականին իր հեռանալը պայմանավորում էր նրանով, որ հեղափոխական վիճակ էր հասունացել, և արյունահեղությունն անխուսափելի էր դարձել, իսկ ինքը թույլ չի տա, որ գեթ մեկ մարդու մատից արյուն գա, և արյունահեղություն թույլ չտալու համար էլ հեռացել էր քաղաքականությունից:
Այժմ Ծառուկյանը վերադարձել է և թեև մասնակցելու է «Ծառուկյան» դաշինքով, այնուհանդերձ՝ ԲՀԿ-ն այստեղ, իհարկե, ստանձնում է առանձնահատուկ դեր, թեկուզ հենց ընտրական հանձնաժողովներում տեղեր ունենալու իմաստով: Այս տեսանկյունից էլ ուշագրավ են հնչում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունները մահապարտության և կյանքի գնով քվեները պահելու մասին:
Եթե այդ հայտարարությունները փոխաբերական, պատկերավոր իմաստով չեն, ապա դա նշանակում է, որ առավելապես քարոզչական երանգ ունեն, իսկ իրականում ԲՀԿ-ն կամ այս անգամ «Ծառուկյան» դաշինքը, ըստ էության, կատարելու է նույն դերը, ինչը որ կատարել է 2007 և 2012 թվականների խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Այդ դերը եղել է ՀՀԿ-ի համար բացարձակ մեծամասնության ֆոնի ապահովումը, հանրության և ԲՀԿ-ի միջև յուրօրինակ բուֆերի ձևավորումը:
Եվ այս իմաստով երբ խոսք է գնում ձայնը, քվեն կյանքի գնով պահելու մասին, ապա հաշվի առնելով նախորդ երկու ընտրական նախադեպերը՝ առաջանում է հարց՝ ո՞ւմ համար պահելու: Որովհետև եթե խոսքը հենց ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի համար պահելու մասին է, ապա այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց. մահապարտությունն ու կյանքի գնով պահելը արդյո՞ք նշանակում է, որ ի տարբերություն 2015 թվականի՝ այս անգամ արդեն Գագիկ Ծառուկյանը կանգ չի առնի անգամ արյունահեղության վտանգի առաջ և կգնա մինչև վերջ:
Ծառուկյանն ինքը չի հայտարարել նման մտադրության մասին և ընդհանրապես վերադարձել է առայժմ բավական մեղմ և չեզոք ձևակերպումներով՝ չհստակեցնելով իր մոտեցումները ներկայիս իրականության և իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ, նաև վարչապետ Կարեն Կարապետյանի:
Կասկած չկա, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում 2017 թվականի ընտրությանը զիջել իր դիրքերը և թույլ տալ, որ ինչ-որ ուժ իշխանության շարքում առաջ անցնի իրենից: Իսկ այդ դիրքերը պահելու այլ ձև, քան իշխանության տարաբնույթ լծակների օգտագործումն է, ՀՀԿ-ն չունի: Հետևաբար եթե ԲՀԿ-ն կամ «Ծառուկյան» դաշինքը գնում է մահապարտության և կյանքի գնով ձայն պահելու՝ այդ ձայներն իր համար պահելու, ապա այդ հայտարարությունների բառի բուն իմաստի պարագայում դա մեծ հավանականությամբ ենթադրում է ֆիզիկական բախում, բնականաբար՝ արյունահեղության վտանգով: Ի՞նչ կանի Ծառուկյանն այս դեպքում:
Լուսանկարը՝ Photolure-ի







































