WikiLeaks-ը հայտարարել է, որ կայքի արխիվներում առկա է ավելի քան 3600 փաստաթուղթ՝ կապված Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ, ում կնոջ շուրջ ներկայում խոշոր սկանդալ է հասունանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Canard enchaîné շաբաթաթերթի նոր համարը, որը վաճառքում կլինի չորեքշաբթի, նոր տվյալներ է հրապարակել՝ կապված սկանդալի հետ։
Հաղորդվում է, որ Պենելոպա Ֆիյոնը որպես խորհրդարանական օգնական և Revue des Deux Mondes ամսագրի աշխատակից ստացել է ավելի քան 900 հազար եվրո։ Ավելի վաղ հաղորդվել էր 500 հազար եվրոյի մասին։
Համաձայն նոր տվյալների՝ խորհրդարանական օգնականի պաշտոնում 1988-90 թթ, ինչպես նաև 1998-2002 թթ աշխատելիս նա ստացել է 831 հազար եվրո։ Եվս մոտ 100 հազար նա ստացել է ամսագրում աշխատանքի համար։ Թերթի նոր համարում տեղեկություն է պարունակվում նաև գումարի մասին, որը ստացել են Ֆիյոն զույգի երկու երեխաները, ովքեր Սենատում աշխատել են որպես իրենց հայրիկի օգնականներ։ Նրանց ստացած պարգևատրման չափը կազմել է 84 հազար եվրո։





































