«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։
-Պարոն Կարախանյան, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից։ Այս հայտարարությանը նախորդեց՝ նրա Մոսկվա կատարած այցը , պատճառահետևանքային ի՞նչ կապ եք տեսնում։
-Այն, որ ստեղծված իրավիճակում Հովիկ Աբրահամյանն իր տեղը չէր գտնում Հանրապետական կուսակցության մեջ և իրավիճակը լրջորեն փոխվել էր ՀՀԿ-ի ներսում՝ դա պարզ էր։ Հանրապետական կուսակցությունն իրենից ներկայացնում է քրեաօլիգարխիկ համակարգի`քաղաքական ինչ-որ թև և այս իրավիճակում, երբ կա նոր վարչապետ, նոր վարչապետի թիմ, նոր կողմնակիցներ են ներմուծվում ՀՀԿ՝ այդ պահից վճռված էր, որ Հովիկ Աբրահամյանը պետք է դուրս գա Հանրապետական կուսակցությունից։ Շատ ուժային կենտրոններում՝ այն գերտերություններում, որոնք հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այստեղ ունեն իրենց հետաքրքրությունները՝ այդ մասին արդեն գիտեին, դա պարզ էր։
Եվ դա կապված չէր այն հանգամանքի հետ, որ Հովիկ Աբրահամյանը եկավ Մոսկվա, հանդիպեց Մեդվեդևի հետ՝ իրեն ասացին գնա դուրս արի և այլն։ Նման բան չկա։ Հովիկ Աբրահամյանը, ավանդույթի համաձայն, չէր ցանկանում դառնալ երիտասարդ թոշակառու և բնական է՝ քաղաքականութունից դուրս չի գա։ Իր բոլոր բացասական կողմերով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանը իրենից ներկայացնում է ռեսուրս։ Ճիշտ է՝ համակարգի կարկառուն դեմքերից մեկն է, բայց պայմանականորեն դուրս մնալով համակարգից՝ ունի ռեսուրս, և հիմա իր տեղն է փնտրում։ Այսինքն՝ տեղ, որտեղ կարող է կիրառել իր ռեսուրսները, ուժերը։ Այսօրվա դրությամբ, որ նայենք, բնական է՝ Հովիկ Աբրահամյանը ինքն է դիմել Սերժ Սարգսյանին, որ ուզում է գալ Մոսկվա կոնսուլտացիաներ անցկացնել, հանդիպումներ ունենալ։ Այսինքն՝ իր այցը Մոսկվա Սերժ Սարգսյանի համաձայնությամբ է տեղի ունեցել, որ գա հանդիպումներ ունենա, խորհուրդներ ստանա։ Հովիկ Աբրահամյանը հիմա իր ռեսուրսն է առաջարկում, թե որտեղ կարող է կիրառել իր ռեուրսները։ Բնական է, որ պետք է դուրս գար ՀՀԿ-ից ու ստանար իր կիրառումը։ Առաջին հարցը լուծվեց՝ դուրս եկավ ՀՀԿ-ից, որովհետև վարչապետի նոր թիմի հետ կոնֆլիկտային, անդուր իրավիճակ էր ստեղծվել, ուղղակի խաղաղ ձևով հեռացավ։ Հիմա ուզում է իր տեղը գտնել, վերջնականապես ոչինչ չեն ասել՝ գնա այսինչ դիրքը գրավի, դաշինք կազմի այս կամ այն քաղաքական ուժի հետ։ Եթե կունենա առաջարկներ հետագայում՝ Մոսկվան կմտածի, թե ինչ կլինի։ Կարող է Ռուսաստան-Հայաստան համագործակցության տարբեր ծրագրերով լինի։ Եվ այս ֆոնին հետաքրքիր է դառնում Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցը։
-Այո, նախընտրական շրջանում այդ այցը Մոսկվա ի՞նչ շերտեր կարող է պարունակել։ Արդյո՞ք Մոսկվայից աջակցություն ստանալու համար է նաև։
-Կարեն Կարապետյանի հարցը մի փոքր ավելի բարդ է։ Ամեն դեպքում Կարեն Կարապետյանին Սերժ Սարգսյանն է ընտրել։ Ինչքան էլ ասեն՝ Մոսկվայից են ուղարկել, ամեն դեպքում՝ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի ընտրությունն է։
Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր մի քանի դրվագներ եղան։ Օրինակ՝ նա շնորհավորում էր Մեդվեդևին մեկ օր առաջ «Եդիննայա Ռոսիա» կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այսինքն՝ իշխող կուսակցության ղեկավարը Ռուսաստանում վարչապետն է, իսկ Հայաստանի վարչապետը՝ ոչ։ Տարբեր փորձագետներ այստեղ արդեն հետաքրքիր զուգահեռներ են անցկացնում։ Սերժ Սարգսյանը ստեղծում է միաձույլ, մոնոպոլ քաղաքական թև, որի գլխին միայն ու միայն ինքը պետք է կանգնած լինի։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանին սարքում են տեխնիկական վարչապետ, նրա կառավարության անդամներն էլ՝ բիզնեսմնեններ են՝ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում և այլն։ Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանն իր թիմով մտած է այդ մոնոպոլ բուրգի մեջ՝ ոչինչ չի կարող անել, ուղղակի պետք է ծառայի այդ բուրգին։ Վաղն էլ կասեն, որ Կարեն Կարապետյանը չկարողացավ անել այն բարեփոխումները, որ պետք էր և դրանով կգա Կարեն Կարապետյանի մայրամուտը։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանի առաջ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել՝ գնա փող բեր, ներդրումներ։ Բնական է, որ հենց այնպես դա տեղի չի ունենալու։ Եվ բնական է, որ եթե Կարեն Կարապետյանը լիներ Հայաստանում ամենամեծ կուսակցության առաջնորդը՝ ներդրումային ծրագրերը շատ ավելի աշխույժ քննարկումներ կունենային Ռուսաստանի բիզնես գործընկերների շրջանակում։ Այսօրվա դրությամբ՝ Կարեն Կարապետյանի գլխին ուղղակի սարքում են՝ օգտագործելով փիարի, բիզնես ներդրում համակարգին նպաստելու համար։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանի համար այդ ներդրողները քայլեր կանեն և դա կգնա քրեաօլիգարխիկ համակարգի գրպանը, հետագայում տարբեր պատճառներով կհրաժարվեն ներդրումներ անել։ Դա խփելու է Կարեն Կարապետյանի իմիջին և բերելու են հասցնեն նրան, որ ոչ ասեն Կարապետյանին՝ չկարողացար արդյունավետ անել, ուրեմն քո մայրամուտը եկավ։ Դրա համար իր դիրքը շատ հեղհեղուկ է։
-Այսինքն՝ կարծում եք իրատեսական չէ՞, որ Կարեն Կարապետյանը պաշտոնավարի նաև 2018-ից հետո։
-Իրավիճակն այսպես է։ Ի՞նչ են ուզում Սերժ Սարգսյանն ու քրեաօլիգարխիկ համակարգը Կարեն Կարապետյանից։ Նրանից ուզում են ահռելի քանակությամբ ներդրումներ, որ իրենք մնան թալանը շարունակեն, իսկ այդ ընթացքում այնքան շատ ներդրում լինի, որ փակի իրենց թալանելու ախորժակը, որը անընդհատ աճում է։ Եթե Կարեն Կարապետյանը բերի այնքան ներդրումներ, որ իրենց թալանը փակի և ամեն ինչ ֆանտաստիկ լինի, մի քիչ էլ ժողովրդի վիճակը լավանա, նոր կարող են մտածել, որ հետո կաշխատի Կարեն Կարապետյանը։ Բայց, հիմա, նա ուղղակի տեխնիկական կառավարության ղեկավար է և որոշ մանր բարեփոխումներ է անում։ Բայց ամեն դեպքում՝ այն քանակի ներդրումները, որ սպասվում է նրանից՝ ֆանտաստիկ է։ Ռուսաստանում ուղղակի ծիծաղում են այն խնդիրների վրա, որ դրված է Կարեն Կարապետյանի առաջ։









































