Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարվածի կապակցությամբ հարուցված քրեական գործով նորություններ դեռ չկան: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սպասում են փորձաքննությանը:
«Այն մեզ համար շատ կարևոր է: Ժամկետների առումով կանխատեսումներ հնարավոր չէ անել: Մի խնդիր կա. երբեք չգիտես` փորձագետը երբ կտա եզրակացությունը: Սա ոչ մի կերպ չի կարգավորում օրենքը, իսկ փորձագետներն էլ իրենց կաշկանդված չեն զգում՝ արագացնելու եզրակացությունը տալու ժամկետները »,- ասաց նա:
Արտակ Բուդաղյանի առողջական վիճակի մասին խոսելիս Ալումյանը դժվարացավ ասել` որքանով է այն մտահոգիչ: Համենայն դեպս, փաստաբանի փոխանցմամբ, արտաքինից Արտակ Բուդաղյանն այն տպավորությունը չի թողնում, որ ինչ-որ առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցածի կապակցությամբ, երբ Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով մահացել էր Ավետիք Բուդաղյանը, հարուցվել էր քրեական գործ, կալանավորված են Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը», և 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելը և պահելը»:
Կատարվածի կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ` ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»: Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Բուդաղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:









































