Ամերիկացի գիտնականները խուճապի մեջ են՝ կապված ԱՄՆ արևելյան ափին դելֆինների մահացության արտասովոր բարձր մակարդակի հետ: Ինչպես հայտնում է CNN-ը՝ Նյու-Յորք, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ և Վիրջինիա նահանգներում ընթացիկ տարում հայտնաբերվել են 228 սատկած դելֆիններ: Կենդանիները սատկել են անհայտ պատճառով ափ նետվելու հետևանքով:
Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտման ԱՄՆ ազգային վարչության փոխանցմամբ՝ այդ տվյալները բազմակի գերազանցում են միջին տարեկան ցուցանիշները և ռեկորդային են վերջին 26 տարվա ընթացքում: Ամբողջ 2012 թվականի ընթացքում հայտնաբերվել է ափ նետված և սատկած 111 դելֆին:
Վարչությունում անհրաժեշտ են համարում հատուկ հետաքննության անցկացումը, քանի որ տեղի ունեցողը կարող է ավելի լուրջ բնապահպանական խնդրի մաս լինել, որը կարող է ռիսկային լինել նաև մարդու առողջության ու բարեկեցության համար:
Ափին հայտնված դելֆինները չեն կարողանում առանց կողմնակի օգնության օվկիանոս վերադառնալ և մի քանի ժամվա ընթացքում սատկում են: Որպես կանոն, ափ են նետվում ծեր, հիվանդ կամ վիրավոր կենդանիները:
Գիտնականները կարծում են, որ անոմալ երևույթը կապված է ինֆեկցիայի հետ: Կատարվում է դելֆինների հյուսվածքների նմուշների փորձաքննություն՝ պարզելու՝ նրանք հիվա՞նդ են եղել, թե՞ ոչ:










































