Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով Հանրապետության նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ համաներումը բացառիկ հնարավորություն է, որ մի խումբ հայրենակիցներ Հայաստանի անկախության տոնը նշեն իրենց ընտանիքների հետ:
«Ժամանակն է ըմբռնել ու գիտակցել, որ Հայաստանում ոչ թե իրարամերժ մի քանի հանրություններ են ապրում՝ ընդդիմություն, իշխանություն, ժողովուրդ, այլ մեկ ընդհանրական ազգ՝ իր նպատակներով ու խնդիրներով: Ես կուզեի, որ հանրապետության նախագահի կողմից առաջարկվող այս համաներումը դիտարկենք ոչ միայն որպես բարի կամքի դրսևորում, այլև որպես պատասխանատվության ընկալման մի հավաստում, որպես պետության ներքին կյանքում արմատական փոփոխություն իրականացնելու հերթական քայլ:
Մենք ուղղակի հարկադրված ենք փոխել մեր հանրային կյանքը, որպեսզի մեր իրականության մեջ լինի քաղաքակիրթ երկխոսություն, բանավեճ, միմյանց ոչնչացնելը դադարի նպատակ լինելուց, ատելությունը չթշնամացնի կողմերին»,-հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Նա հույս ունի, որ երկրի ղեկավարի կողմից ցուցաբերվող այս «մարդասիրական քայլը» մտորելու տեղիք կտա այն բոլոր հայրենակիցներին, ովքեր կհայտնվեն ազատության մեջ: «Հուսով եմ, նրանք կգիտակցեն, որ պետության կայացումը կախված է մեր բոլորի վարքից, օրենքի յուրաքանչյուր շեղում վտանգ է ներկայացնում պետության համար, և համաներումը չի նշանակում ամենևին պետության կողմից զգոնության թուլացում, ավելին՝ մեր ապագայի հանդեպ ունեցած մտահոգությունները մեզ պարտադրում են լինել էլ ավելի անհանդուրժող օրինազանցների հանդեպ»,- հավելեց նախարարը:









































