Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ոստիկանությունը ձերբակալել է Կանադայի երկու քաղաքացիների՝ բժիշկ Տարիք Լուբանիին և կինովավերագիր Ջոն Գրեյսոնին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նրանց ձերբակալությունը հաստատել է Կանադայի ԱԳՆ ներկայացուցիչ Քեյթլին Ուորքմենը:
Նրա խոսքով՝ Կահիրեում Կանադայի դեպսանատունը փորձում է հասնել նրանց ազատ արձակմանը:
«Մեր դեսպանատունը քննարկում է այդ հարցը տեղի իշխանությունների հետ: Լուբանիին և Գրեյսոնին ցուցաբերվում է հյուպատոսական օգնություն»,- նշել է Ուորքմենը:
ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Նա չի նշել նաև՝ կանադացիների դեմ մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:
Ձերբակալվածների ընկերը պատմել է, որ նրանք Կահիրե են ժամանել անցած հինգշաբթի՝ օգոստոսի 15-ին, և նախատեսել էին մեքենայով մեկնել Գազայի հատված: Լուբանին Լոնսոնի Արևմտյան համալսարանի նախաձեռնած ծրագրի շրջանակներում պետք է սովորեցներ պաղեստինցի բժիշկներին: Գրեյսոնը ցանկանում էր փաստագրական ֆիլմ նկարահանել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մասին: Քանի որ սահմանի վրա հսկիչ անցակետը փակ է եղել Եգիպտոսում տեղի ունեցող անկարգությունների պատճառով, կանադացիները վերադարձել են Կահիրե, որտեղ էլ ձերբակալվել են անցած ուրբաթ:










































