«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
– Պարոն Հակոբյան, արդեն որոշե՞լ եք՝ առաջիկայում խորհրդարանական ընտրություններին ի՞նչ ձևաչափով եք մասնակցելու և մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:
– Անպայման մասնակցելու եմ, կուսակցությունների հետ բանակցությունների մեջ եմ:
– Այսինքն՝ բոլոր կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ և՞ս բանակցում եք:
– Այո՛: Բոլորի հետ բանակցում եմ, ուսումնասիրում։ Բացի դրանից, հանդիպում եմ ժողովրդի հետ, տեսնեմ՝ ո՞ր կուսակցությանն են ավելի շատ վստահում: Հետո կտեսնեմ, թե որտեղ եմ տեսնում իմ դերը, և այդ ժամանակ էլ կորոշենք:
– Պարոն Հակոբյան, եթե հանկարծ այդտեղ լուրջ մրցակիցներ ունենաք, այնուամենայնիվ՝ ռեյտինգային ընտրակարգով կմասնակցե՞ք:
– Ես միշտ մեծամասնականով եմ մասնակցել ընտրություններին, երբևիցե չի եղել, որ մասնակցեմ ցուցակով։ Համամասնական տարբերակով ես երբեք չեմ առաջադրվել, միշտ էլ առաջադրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Այդ տարբերակների միջև ինձ համար տարբերություն չկա, կարևորը՝ ժողովուրդն ընտրում է այն կուսակցությանը և այն անձին, ում ցանկանում է տեսնել: Այստեղ լուրջ մրցակցություն է, քանի որ եթե նախկինում երկու-երեք մարդիկ էին պայքարում միմյանց դեմ, այսօրվա դրությամբ հնարավոր է՝ լինեն մինչև 100 թեկնածուներ:
– Այդքան շատ թեկնածուներ կլինե՞ն Էջմիածնից:
– Եթե 6-7 կուսակցություններ մասնակցեն, և յուրաքանչյուրը ներկայացնի 15 թեկնածու, ապա կլինի մոտավորապես 100 թեկնածու, և մարդիկ հնարավորություն կունենան ընտրելու այդ 100 թեկնածուներից որևէ մեկին:
– Կարծում եք՝ աշխույժ ընտրապայքա՞ր կլինի՝ հաշվի առնելով, որ, օրինակ, շատ կուսակցություններ են մասնակցում, շատ դաշինքներ կձևավորվեն:
– Աշխույժ կլինի, քանի որ մրցակցությունը մի քանի թեկնածուների միջև է տեղի ունենալու: Ինչպես գիտենք՝ նախկինում կարող էր կուսակցությունների միջև պայմանավորվածություններ լինել. կուսակցությունները պայմանավորվում էին, ասում էին՝ մենք այս մարզում ընտրողներին կներկայանանք մեծամասնականով, մյուս մարզում մենք չենք ներկայանա, դուք ներկայացեք: Հիմա այս ընտրություններին որևիցե պայմանավորվածություն չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:
– Պարոն Հակոբյան, ՀՀԿ-ի հետ նույնպե՞ս պատկերացնում եք քաղաքական ճանապարհ: Չե՞ք կարծում, որ հանրության մոտ ՀՀԿ-ն վստահություն չունի։
– Տարբեր են կարծիքները, մարդկանց ավելի շատ հուզում է իրենց սոցիալական ծանր վիճակը: Հիմա թե կոնկրետ ում կտան իրենց ձայնը, ով ակտիվ քարոզչություն կիրականացնի, ում ծրագրերին կհավատա ժողովուրդը՝ արդեն կատարվող աշխատանքների արդյունքներից կերևա:
– Ձեր՝ ֆիլմերը նկարելու գործը կիսատ կթողնե՞ք այս նախընտրական փուլում, թե՞ զուգահեռաբար կաշխատեք նաև այդ ուղղությամբ:
– Եթե ես մասնակցեմ, 3-4 տեսահոլովակ ենք նկարահանելու, որոնք վերաբերելու են ընտրություններին, ընտրական այս վիճակներին, նախկինում եղած վիճակներին։ Մասնակցելու են դերասաններ, և հանրությանը ցույց ենք տալու, թե ինչպիսի ընտրությունների կարելի է գնալ։ Մի խոսքով՝ չբացեմ փակագծերը, արդեն ես հանձնարարություն եմ տվել, մասնագետներն աշխատում են, երեք-չորս հատ 3-4 րոպեանոց տեսահոլովակներ կլինեն կոնկրետ ընտրությունների վերաբերյալ:
– Եվ դրանք փաստորեն նախընտրական քարոզարշավի՞ն կօգտագործեք:
– Այո՛: Նախընտրական քարոզարշավին բոլորը կդիտեն, որ կարելի է ընտրություններին գնալ այդպիսի մեթոդներով, քաղաքակիրթ ձևով, ավելի խելոք: Լավ կներկայացնենք հասարակությանը, որ հասարակությունը հասկանա՝ ուր է գնում և ինչ է անում:
– Պարոն Հակոբյան, Դուք որպես ընդդիմադի՞ր եք գալու քաղաքական դաշտ, թե՞ որպես այլընտրանք, ինչպիսի՞ կերպարով կներկայանաք հանրությանը։
– Գիտեք, ընտրություններին չի կարելի ասել՝ որևէ մեկն ընդդիմադի՞ր է, թե՞ ընդդիմադիր չէ, ընտրություններին մասնակցողը գնում է իշխանությունը վերցնելու, այսինքն՝ գնում է, որպեսզի իրականացնի իր ծրագրերը, իսկ նախընտրական ծրագրերն իրականացնելու համար մարդ պետք է ունենա գործիքներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ոչ թե պարզապես ներկայացված լինել Ազգային ժողովում, այլ վայելել ժողովրդի վստահությունը և լինել մեծամասնություն, որպեսզի կարողանա իր ծրագրերն իրագործել: Հիմա մենք գնալու ենք ընտրությունների, իսկ ապրիլի 2-ին չի լինելու ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն: Իշխանությունը լինելու է ժամանակավոր: Այդ ժամանակ մենք կտեսնենք. եթե այդ գնացող ուժին ժողովուրդը վստահի, մեծամասնություն կդառնանք, և բնական է, որ մենք կդառնանք իշխանություն, մնացածը կդառնան ընդդիմություն, եթե չենք ունենա այդքան քվեներ, բնական է՝ մի մասը կարող է կոալիցիա կազմել, մի մասը կարող է դառնալ ընդդիմություն: Դա կերևա միմիայն ընտրություններից հետո:
– Պարոն Հակոբյան, իսկ այդտեղ Ձեր նախկին մրցակիցներից կլինե՞ն, որոնք այս անգամ ևս Ձեզ մրցակից կդիտարկեն ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու դեպքում:
– Այն մարդիկ, ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, բոլորն էլ մրցակիցներ են, բոլորս պետք է հավասարապես իրավունք ունենանք մեր ծրագրերը ներկայացնելու հասարակությանը: Հետո հասարակությունը կորոշի՝ ում է վստահում: Բոլորին էլ պետք է հնարավորություն տրվի իրենց ծրագրերը ներկայացնելու:
– Պարոն Հակոբյան, ե՞րբ որոշակիորեն հստակեցված կլինի, թե որ կուսակցությանը կմիանաք:
– Իմ կարծիքով՝ մինչև ամսի 15-ը հստակ կլինի, որովհետև արդեն քիչ ժամանակ է մնում:
– Իսկ ո՞ր ուժերի միջև եք ընտրություն կատարելու:
– Հանրապետական կուսակցությունում ես տեղ չունեմ, որովհետև ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում արդեն իսկ ցույց է տվել, որ ինձ հետ հույսեր չի կապում, որովհետև իրենց հանդիպումներին, համագումարներին ինձ չեն հրավիրել։ Ես հանրապետական չեմ, և կարծում եմ, որ այնտեղ անելիք չունեմ: Մյուս կուսակցությունների հետ տեսնենք՝ ինչպես ենք պատկերացնում հետագան: Ինձ համար կարևորը մեր հետագա գործունեությունն է, որովհետև ես ունեմ կոնկրետ ծրագրեր, որոնք փորձում եմ իրականացնել: Տեսնենք՝ այդ կուսակցությունները իրենց մեջ այդքան ուժ և համարձակություն կգտնե՞ն, որ իմ համարձակ ծրագրերն իրականացնեն: Դրանք մի փոքր համարձակ ծրագրեր են, շատ շատերի համար էլ գուցե անհասկանալի, բայց դրանք այնպիսի ծրագրեր են, որոնք 1 միլիարդից մինչև 3 միլիարդ ներդրումներ են պարունակում Հայաստանում: Իսկ դրանից հետո՝ եթե իմ ծրագրերը իրականացվեն, 1,5-2 միլիոն զբոսաշրջիկների հոսք է լինելու դեպի Հայաստան: Շատ մեծ ծախսեր չեն պահանջվում, պետք է քաղաքական կամք և մարդկանց հասկանալու աստիճանը, այսինքն՝ թե ինչքանով են հասկանում, որ այս ծրագրի իրագործմամբ ինչքան օգուտ կտանք մեր պետությանը, մեր ժողովրդին:









































