Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Դավիթ Մաչկալյանի, Վաչագան Սուքիասյանի, Գևորգ Ասատրյանի և Հովհաննես Մուսաբեկյանի գործի դատավարությունը:
Չորս ամբաստանյալները միահամուռ չեն գործել իրենց մեղսագրված հանցավոր արարքները: Առաջին երկուսը, կարելի է ասել, վերջին երկուսի հակառակորդ «թիմից» են եղել, ավելին, վերջինների գործողություններից Դավիթ Մաչկալյանը տուժել է և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես: Այնուամենայնիվ, չորսն էլ նույն՝ ամբաստանյալի կարգավիճակն ունեն ու մեղադրվում են որոշակի հանցավոր արարքների կատարման համար:
Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Դավիթ Մաչկալյանը և 56-ամյա Վաչագան Սուքիասյանը օրական 10 հազար դրամ վարձատրության դիմաց թույլատրել են մարմնավաճառուհի Էմմա Մ.-ին նստել իրենց անձնական օգտագործման մեքենաները, շրջել Երևանի Լենինգրադյան փողոցով, այնուհետև Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում:
Օրվա ընթացքում այս «էլիտար» Էմման պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ և յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո տաքսիստներին վճարել ևս հազար դրամ:
Այսպիսով, ըստ նախաքննական մարմնի, մարմնավաճառի «անհատական» տաքսիստներ Մաչկալյանն ու Սուքիասյանը նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:
19-ամյա տաքարյուն երիտասարդներ Գևորգ Ասատրյանն ու Հովհաննես Մուսաբեկյանը 2013 թվականի ապրիլի 22-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում գնացել են Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտայի կամուրջ տանող հատված: Նրանք ինչ-ինչ հարցերով համաձայնության չեն եկել մարմնավաճառներին «սպասարկող» տաքսիստ Մաչկալյանի և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանություն է սկսվել:
Գևորգն ու Հովհաննեսը ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Մաչկալյանին՝ պատճառելով աջ քունքային շրջանի սալջարդ, աջ արմնկահոդի և աջ ծնկային հոդի շրջանի քերծվածքներ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, քթի միջնապատի և մաղոսկրի կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղում, աջից՝ 9-11-12 կողերի գծային չտեղաշարժված կոտրվածք:
Մաչկալյանի առողջությանը պատճառվել է միջին վնաս՝ առողջության տևական քայքայումով: Մարդը տուժել է, կարելի է ասել, «աշխատավայրում», միայն թե նրա տվյալ «գործունեությունը» հակաօրինական էր, ահա թե ինչու պարգևավճարի փոխարեն նրան կարող է քրեական պատիժ բաժին ընկնել:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Ասատրյանը վիճաբանության ժամանակ նաև հարվածներ է հասցրել հակառակորդ «թիմից» Աղվան Դռնակապյանին՝ պատճառելով աջ ուսահոդի շրջանի հետին մակերեսի, աջ ոտնաթաթի թիկնային մակերեսի քերծվածքներ, ընդհանուր առմամբ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Գևորգ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 118 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Հովհաննես Մուսաբեկյանը, բացի Մաչկալյանի մարմնի տարբեր մասերից՝ հարվածներ է հասցրել նաև Մաչկալյանի «Պոնտիակ Վիբե» մակնիշի տաքսի ավտոմեքենայի աջ կողմի կենտրոնական հատվածին, առջևի աջ կողմի անվաթևի կենտրոնական հատվածին, աջ կողմի առջևի դռանը, հետևի թափարգելի աջ կողաեզրային բռնակի վերին հատվածին: Այս գործողությունների արդյունքում Մաչկալյանին պատճառվել է 68 հազար դրամի գույքային վնաս:
Հովհաննես Մուսաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185 հոդվածի 1-ին մասով:
Չորս ամբաստանյալներն էլ ստորագրություն են տվել չհեռանալու մասին:
Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին:









































