Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը: Վերջինս Բաքու է ժամանել մեկօրյա կարճաժամկետ աշխատանքային այցով՝ մոտ 20 տարվա ընդմիջումից հետո: Նեթանյահուն Բաքվից կմեկնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:
Զենք, նավթ ու տեխնոլոգիաներ
Պաշտոնական հաղորդագրություններում, իհարկե, քիչ տեղեկություն կար այն մասին, թե ինչ են կոնկրետ բանակցել ադրբեջանական և իսրայելական կողմերը, և ինչ համաձայնություններ են ձեռք բերել կարևոր ոլորտներում համագործակցելու մասին: Միայն նշվում է, որ Ալիևը և Նեթանյահուն հանդիպել են «դեմ առ դեմ», որից հետո տեղի է ունեցել համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Նշվում է, օրինակ՝ երկկողմ հարկերը վերացնելու, երկու երկրների կառավարությունների միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ստորագրված համաձայնագրերի մասին:
Բայց կան շատ ավելի կարևոր ոլորտներ, որտեղ Իսրայելը և Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները և որոնց մասին գրում էին ադրբեջանական, իսրայելական, ռուսական լրատվամիջոցները: Խոսքը, մասնավորապես, առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվացնելու, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու և ռազմատեխնիկական համագործակցության մասին է:
Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վերջին բաղադրիչը առավել հետաքրքրական է Հայաստանի անվտանգության տեսանկյունից, եթե հիշենք, որ Իսրայելը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից մեկն է: Նախքան Նեթանյահուի այցը, լրատվամիջոցները գրում էին, որ Իսրայելն ու Ադրբեջանը բանակցելու են իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ: Հայտնի է, որ Ադրբեջանը վաղուց է ցանկանում Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային համալիրներ: Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվացրեցին այդ թեման նաև վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից ստացել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ: Թե արդյոք Ադրբեջանը կստանա «Երկաթե գմբեթ»՝ Ալիև-Նեթանյահու «պատմական» հանդիպման արդյունքում՝ պարզ կդառնա հետագայում: Համենայն դեպս, որոշ հայ փորձագետներ բավական թերահավատ են այս հարցում՝ ասելով, որ կան մի շարք խոչընդոտներ դրա համար:
Ուշագրավ է նաև իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Իսրայելը ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից է: Այս պետությունը տարեկան Ադրբեջանից ստանում է մոտ 2 միլիոն տոննա նավթ, որը Իսրայել է արտահանվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:
Իրանի գործոնը և հայ-իրանական հարաբերությունները
Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը ձեռնտու է ավելի շատ Իսրայելին, քան Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը հազվադեպ իսլամական պետություններից է, որի հետ Իսրայելն ունի լավ հարաբերություններ, ուստի հարաբերությունները շահավետ են Իսրայելի համար՝ իր արտաքին քաղաքականությունը բազմազանեցնելու առումով: Մինչդեռ, իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները կարող են խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար՝ իսլամադավան պետությունների, հատկապես Իրանի հետ հարաբերություններում: Իսկապես, Նեթանյահուի ադրբեջանական այցն ամենաշատը դժգոհություն էր առաջացրել հենց Իրանում՝ Իսրայելի հետ թշնամական հարաբերությունների պատճառով: Իրանի նախագահի խորհրդականը այցի նախօրեին հայտարարել է, որ Նեթանյահուի այցի նպատակը տարածաշրջանում նոր սադրանքներ հրահրելն է:
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը ասում է, որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները Իսրայելի տեսանկյունից առաջին հերթին կարևորվում է Ադրբեջանի՝ Իրանի հետ հարևանը լինելու հանգամանքով, իսկ Ադրբեջանը իր հերթին օգտագործում է Իսրայելի հակաիրանական քաղաքականությունը իր ռազմական պոտենցիալն ավելացնելու, իր խնդիրները լուծելու համար:
«Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները Իսրայելի համար կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ Իսրայելը գնում է Ադրբեջանի նավթի ¼-ը, Ադրբեջանի զենքի երկրորդ մատակարարն է, այլ առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանը Իրանի հարևանն է, որտեղից կարող է թե՛ հետախուզական աշխատանք տանել, թե՛ հնարավոր ռազմական հարձակում իրականացնել Իրանի վրա: Իհարկե, դա գրեթե բացառվում է, բայց Ադրբեջանն էլ ժամանակ առ ժամանակ տոն է տալիս դրան, երբ Իրանի հետ հարաբերությունները լարված են լինում: Այդ առումով հարաբերությունները փոխշահավետ են Ադրբեջանի ու Իսրայելի համար: Ինչքան էլ որ իրանցիները և ադրբեջանցիները «եղբայր» են անվանում միմյանց, բայց նրանք ունեն խորը հակասություններ տարբեր ոլորտներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:
Մյուս կողմից՝ Էմմա Բեգիջանյանը հակված չի կարծելու, որ Նեթանյահուի այցն ու իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացումը կազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա այն իմաստով, որ Իրանը կիջեցնի Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը՝ շեշտը դնելով Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու վրա:
«Չէի ասի, որ դա ինչ-որ լուրջ ազդեցություն կունենա, որովհետև իրենք արդեն պատասխանել են, որ «մենք Հայաստանի հետ հարևան երկիր ենք, ունենք նորմալ հարաբերություններ», բայց դա բոլորովին չի խանգարում, որ իրանցիներն ավելի սերտ հարաբերություններ ունենան Ադրբեջանի հետ: Որևէ շոշափելի կամ նկատելի ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա:
Ընդհանուր առմամբ, իրանցիները ձգտում են, որ լարվածություն չառաջանա Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ պատճառով, եթե ինչ-որ ազդեցություն ունենա Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա՝ դա բացահայտ չի լինելու, որովհետև իրենք, քննադատելով այցը, միաժամանակ հույս են հայտնում, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է՝ ով է իր հարևանը, ինչ շահեր ունի, և ով է Իսրայելը իսլամական աշխարհի համար»:










































