Մի շարք նախկին ազատամարտիկներ և հրամանատարներ դիմել են ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով, որպեսզի նրանց հնարավորություն տրվի գնալ Թալիշում ծառայություն իրականացնել ու վերականգնել Թալիշը։
Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի ղեկավար Արկադի Կարապետյանի հետ, ով ևս ընդգրկված է այդ գործընթացի մեջ։ Վերջինիս խոսքերով՝ հասկանալի հանգամանքներից ելնելով՝ Թալիշն այսօր դատարկվել է և այն վերաբնակեցնելն ու վերականգնելն ամբողջ ազգի խնդիրը պետք է լինի։
«Նպատակը միայն Թալիշը չի, բայց պարզ է, որ Թալիշն առաջնահերթ է, քանի որ ժողովուրդն էլ կամաց-կամաց հետ է գալիս։ Հիմա մենք էլ նրանց պետք է օգնենք, սատարենք, պետությունն էլ իր մասնակցությունը պետք է ունենա այդ գործում, հասարակությունն էլ և նույնիսկ սփյուռքն իր անելիքն ունի այդտեղ։ Առաջին քայլը Թալիշն է, բայց հո մենակ Թալիշով չենք սահմանափակվի, այլ ամբողջ սահմանի երկայնքով՝ թե Ղարաբաղում, թե նույնիսկ ՀՀ-ում»,-նշեց Արկադի Կարապետյանը։
Հարցին, թե ի՞նչ նպատակով են այժմ հավաքագրվում կամավորական նոր ջոկատներ՝ պարոն Կարապետյանը ի պատասխան ասաց․
«Որ ասեմ այդպես նպատակային հավաքագրում ենք՝ չէ, էդպես չի, պարզապես խնդիրն այսպես է դրված՝ ով կցանկանա մասնակցել, թող գա մասնակցի, բայց, որ ասեմ կոչ եմ անում, հայտարարում եմ, թե եկեք անպայման դուք էլ Թալիշը վերակառուցելու համար մասնակցեք՝ այդպիսի բան չկա, մարդիկ իրենց ցանկությամբ պատրաստ են գալ ու մասնակցել այդ գործընթացին։ Մենք մեզ համար ապրում ենք ու ամեն վայրկյան էլ պետք է պատրաստ լինենք, ունակ լինենք մեզ պաշտպանելու, բայց դրանից չենք նեղվում, որովհետև գիտենք, որ կյանքն այդպես է, ցանկացած վիճակի պետք է պատրաստ լինենք, ընդ որում՝ չսպասենք, որ այ հեսա մի բան կլինի, նոր սկսենք պատրաստվել, հակառակը՝ միշտ պատրաստ լինենք ու ամեն ինչ էլ անենք, որ ապահով լինի, օրինակ ապրիլի 4-ին էլ, որ այդքան մարդ գնաց սահման, հո այդպես չհելան ու միանգամից գնացին, նախապես կամավորագրվել էին չէ նրանք, այսինքն այդ կամավորների հավաքագրումը միշտ էլ եղել է»։
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ այժմ այդ առիթով «Թալիշ» ՀԿ է ստեղծվում և այս օրերին մի քանի ուղղություններով են կամավորներ հավաքագրվում, ինչպես նաև Դաշնակցությունն է կամավորներ հավաքում։ Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով՝ շատերն են ուզում գնալ Ղարաբաղ, որպեսզի սահմանին նոր գյուղեր հիմնադրեն ու Նոր Թալիշ։
Այս համատեքստում Արկադի Կարապետյանը շեշտեց․ «Ես մեծ-մեծ բաներ չեմ ուզում խոսամ, ուղղակի կասեմ, որ առաջին քայլը կանենք ու բոլորն էլ կտեսնեն՝ ինչի ենք պատրաստ և ինչ կարող ենք անել։ Իսկ Դաշնակցության պահով՝ ճիշտ ասած իրենց հետ դեռևս կապի մեջ չենք ու կոնկրետ չգիտեմ, թե նրանք ինչ են ուզում անել, բայց, անպայման, նրանց հետ էլ կխոսենք, տենենք՝ իրենք ինչ են մտադիր անել։ Իսկ այդ հասարակական կազմակերպությունը «Թալիշ» հայրենակցական միության հիմքի վրա է ստեղծվում և քանի որ սա համազգային գործ է, ապա իրենք այդ ՀԿ-ն ստեղծում են, որպեսզի ով ուզում է այդ գործին մասնակցի, կարողանան բոլորին ներգրավվել, դրա համար են նոր ՀԿ հիմնադրում և ցանկացողներն էլ շատ են և միայն մեր սերունդը չի, երիտասարդներն էլ բավականին շատ են»։
Անդրադառնալով նաև այս օրերին հակառակորդի ակտիվությանն ու սահմանին տիրող վիճակին՝ Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի ղեկավարը վստահեցրեց, որ իրավիճակը նորմալ է, նրա խոսքերով՝ սովորական։
«Եթե ուզում եք իմանաք՝ ապրիլին էլ էր ինձ համար սովորական, բայց դե ուղղակի մի քիչ ավել բաներ եղավ ժողովրդի համար։ Ապրիլի այդ չորս օրերին ինչ եղավ, հիմա դա չկա։ Շունը, որ դռանը կապում ես, ի՞նչի համար ես բա կապում, որ կծի չէ՞, բա եթե կծում է՝ դա ինչ-որ արտառոց երևո՞ւյթ է, բա շուն ա չէ, պիտի կծի, հիմա նույնն էլ հակառակորդն ա, դրա համար ենք նրանց հակառակորդ ասում»,-ասաց պարոն Կարապետյանը։
«Հակառակորդի նախահարձակ գործողություների վտանգ այժմ տեսնում եք»,-հետաքրքրվեցինք Արկադի Կարապետյանից. -«Ես միշտ էլ վտանգ զգում եմ, դա մեր կյանքն է առօրյա, նորմալ է, թե աննորմալ, հիմա էդպես է, ինչ արած։ Մեր ազգի խասյաթն է այդպիսին, որ մի քիչ հանգստանում ենք, տեղներս լայնանում է, ամեն ինչ մոռանում ենք և բոլոր հարցերում է դա այդպես, բայց միշտ պետք է կողքից բզեն, որ խելքի գանք, զգոնությունը չկորցնենք, որ 1915թ-ը նորից մեր գլխին չգա»,- եզրափակեց նա։





































