Շվեյցարացի վաճառողուհին, ով ամերիկացի հայտնի հաղորդավարուհուն ցույց չի տվել թանկարժեք պայուսակը, ինչն էլ հեռուստաաստղն իր համար վիրավորական է համարել, հաճախորդուհուց ներողություն է խնդրել թյուրիմացության համար:
Վաճառողուհին նշել է, որ ինքը չէր կարող Ուինֆրիին ասել, թե նա չի կարող իրեն թույլ տալ գնել այդ թանկարժեք պայուսակը:
«Դա ճիշտ չէ, դա աբսուրդ է: Ես չէի կարող նման բան ասել հաճախորդին: Իրոք, չէի կարող: Լավ վարքագիծը և նրբանկատությունը մեր խանութի ալֆան և օմեգան են»,- ասել է վաճառողուհին:
Այն հարցին, թե ինչ կասեիք Օփրա Ուինֆրիին, աղջիկը պատասխանել է, որ ներողություն կխնդրեր: «Ես ներողություն կխնդրեի: Թյուրիմացություն է եղել: Ես չէի կարող վիրավորել տիկին Ուինֆրիին»:
Ըստ վաճառողուհու՝ խանութում Ուինֆրին ասել է, որ առաջին անգամ է այդտեղ և դեռևս միայն նայում է: Այդ ժամանակ նա պահարանից վերցրել է պայուսակներից մեկը, իսկ Ուինֆրին խնդրել է իրեն ցույց տալ կոկորդիլոսի կաշվից պայուսակը: «Ես ասացի նրան, որ դա միևնույն պայուսակն է, որն իմ ձեռքում է, միայն ավելի թանկ»,- բացատրել է վաճառողուհին:









































