Վրաստանի խորհրդարանն օրերս վերջնականապես ընդունեց «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում փոփոխությունները, համաձայն որոնց՝ նախագահական ընտրություններից առաջ կֆինանսավորվեն 18 կուսակցություններ: Խորհրդարանական կուսակցությունները կստանան մոտ 180 հազար դոլար, իսկ ոչ խորհրդարանականները՝ մոտ 90 հազար դոլար:
Պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորումն ընդունված պրակտիկա է, հատկապես՝ եվրոպական երկրներում: Այս համակարգի ներդրումը լուծում է կուսակցությունների՝ անկախ գործելու խնդիրը, իսկ Հայաստանում հայտնի է, որ կուսակցությունները ստիպված են լինում տարբեր ֆինանսական աղբյուրներից և հաճախ օլիգարխներից կախում ունենալ՝ իրենց կուսակցության ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն ասաց, որ ուրիշի փորձը հաշվի առնելն օգտակար է, բաց այն նույնությամբ պատճենելը, առանց հանրությունների տարբերությունները հաշվի առնելու, կարող է աղետի հանգեցնել, ինչն ունենք ներկայում: Նրա համոզմամբ՝ մի երկրում, որտեղ ընտրություններ չկան, որտեղ հնարավոր չէ պաշտոնապես պարզել, թե իրականում ինչ է մտածում հանրությունն այս կամ այն քաղաքական ուժի մասին, անիմաստ է նման հարցեր քննարկել:
«Եթե կուզեք ճիշտն իմանալ, ապա կուսակցությունները նույնիսկ վաղ են մեր հանրության համար. այն նախ պիտի կարողանա ինքնակազմակերպվել այն աստիճան, որ ունակ լինի լուծել գոնե մանր ու միջին սոցիալական, համքարային խնդիրներ, նոր միայն անցնի համապետական քաղաքական հարցադրումների»,- նման կարծիք հայտնեց Արծրուն Պեպանյանը:
Վերջինս հիշեցրեց դեռևս վեց տարի առաջ լույս տեսած իր գիրքը, որտեղ անդրադարձել է հետևյալին՝ դասական քաղաքականությունը և քաղաքագիտությունը կարծես թե լուծում չունեն մեր իրականության համար, ուստի ոչ ստանդարտ մեր իրողության լուծումը ևս ոչ ստանդարտ է: «Ու սա իմ գյուտը չէ. ես ընդամենը վերաշարադրել եմ անցյալ դարասկզբի մեր մտածողների եզրահանգումը: Բայց ահա իրենց քաղաքական գործիչ կոչող մեր այրերը զլանում են նայել իրականության խորքերը ու ժամավաճառությամբ են զբաղված: Նրանց ֆինանսավորելը հանցագործության պես մի բան է»,- նշեց վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:









































