Օրերս Թուրքիայի գերագույն զինվորական խորհուրդն իրականացրել է ցամաքային զորքերի, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ժանդարմերիայի նոր հրամանատարների նշանակում: 34 գեներալներ և ծովակալներ պաշտոնի բարձրացում են ստացել, իսկ 50 գնդապետներ դարձել են գեներալներ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az-ը, թուրքական ԶԼՄ-ները հաստատում են, որ նշանակումները որոշակի նպատակ ունեն. բանակում վերադասավորումները կապում են թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակի և քրդական հարցի հետ: Իսկ ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակված Հուլյուսի Աքարը հանդիսանում է հայկական հարցի մասնագետ:
Նա ունի գիտությունների դոկտորի աստիճան, Ստամբուլի «Բոգազիչի» համալսարանում պաշտպանել է թեզ՝ «Հայկական հարցն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա հայկական լոբբիի ազդեցությունը» թեմայով: Հաղորդվում է, որ գեներալ Աքարը տիրապետում է հայերենին:
Պարբերականը նաև նշել է, որ հայկական հարցով մասնագետի նշանակումը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում էկզոտիկ պատահականություն չէ: «Թուրքիան ինչ-որ լուրջ բանի է պատրաստվում»,- գրում է պարբերականը:









































