Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական հայց կներկայացնի Parking City Service ՓԲԸ-ի դեմ, որը ստանձնել է Երևանի վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը՝ ներկայացնելով կենտրոնի այս որոշման դրդապատճառները:
Նա նշեց, որ երբ մամուլում շրջանառության մեջ է մտել քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների մասին տեղեկությունը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 3 հարցում է ուղարկել, որոնցից մեկը ՀՀ Ճանապարհային ոստիկանությանը, մյուսը՝ Երևանի քաղաքապետարանին և երրորդը՝ Parking City Service ՓԲԸ-ին՝ պահանջով տրամադրել տեսանկարահանման իրավական ակտերը: Ավելի ուշ կենտրոնը, իրավաբանի տեղեկացմամբ, ստացել է պատասխաններ տվյալ մարմիններից՝ ՀՀ ՃՈ-ն հայտնել է, որ անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարանին, իսկ Երևանի քաղաքապետարանը, թե անհրաժեշտ է դիմել Parking City Service ՓԲԸ-ին։ Այնինչ այս ընկերությունն իրեն համարում է հանրությանը ծառայություններ չմատուցող, ուստի և համարում է, որ տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի այն դեպքում, երբ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով հանրությանը ծառայություններ է մատուցում: Իրավաբանի խոսքերով՝ կենտրոնը հայտնվել է տեղեկատվական փակ շղթայի մեջ:
«Մեզ ընկերությունը որևէ հիմքով չի մերժել, ըստ էության՝ չի էլ պատասխանել պատշաճ կերպով: Բայց մասնավոր կազմակերպությունները կարող են տեղեկատվություն տնօրինել, եթե ոլորտում համարվում են գերիշխող և մենաշնորհային դիրքեր ունեցող: Այդ ընկերությունը ծառայություն է մատուցում՝ ինչպես գծատերերը: Ինչու ենք մենք Parking City Service ՓԲԸ-ին վճարում, որից 30 %-ը քաղաքապետարանինն է, 70-ը՝ իրենցը, որից նաև եկամուտ են ստանում, երբ իրենք ծառայություն չեն մատուցում: Եթե խախտման արդյունքում նյութական տուգանքներ եմ կրելու, ապա պետք է իմանամ՝ ինչպես է ողջ գործընթացը կազմակերպվում: Հայցը մոտ ապագայում պատրաստ կլինի, ամենայն հավանականությամբ՝ այն դատարանում կներկայացնի Կարեն Մեժլումյանը»,- ասաց Գևորգ Հայրապետյանը՝ հավելելով, որ սա իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող հարց է:









































