Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն բաց նամակ է գրել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հանրապետականին հասցեագրված ուղերձը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։
Սավչենկոն շնորհավորել է «ամերիկացի ժողովրդին՝ կատարված ընտրության առիթով»՝ նշելով որ «աշխարհում չկա ուկրաինականից բացի այլ ազգ, որը նման մեծ ուշադրությամբ կհետևեր ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին»։
«Ես դիմում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության հանդեպ պատժամիջոցները պահպանելու և նույնիսկ խստացնելու խնդրանքով, քանի որ այդ երկիրը հասկանում է միայն ուժն ու վճռականությունը։..Ես նաև խնդրում եմ Ուկրաինային ցուցաբերել դիվանագիտական, տեխնիկական և ռազմական աջակցություն»,-գրել է նա։
Իր ուղերձի ավարտին պատգամավորը նշել է, որ «Թրամփն ունի բոլոր հնարավորությունները՝ կանխելու երրորդ համաշխարհային պատերազմը»։









































