Հուլիսի 22-ից «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 43-ամյա բանտարկյալ Արտակ Գինոսյանը` ի նշան բողոքի իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննության դեմ: Նա կալանքի տակ է արդեն մոտ 2 տարի` 2011թ. հոկտեմբերից:
Արտակ Գինոսյանն աշխատել է «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում` որպես «Ջրաչափերի ցուցմունքների գրանցման» բաժնի պետ: Նա աշխատել է հորեղբոր որդու` Արարատ Գինոսյանի ենթակայությամբ: Վերջինս «Ջրմուղի» տնօրենն էր և համայնքի ավագանու անդամ: Արարատ Գինոսյանի` աշխատանքից ազատվելուց հետո «Ջրմուղի» հաղորդման հիման վրա Քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 2010թ. օգոստոսին քրգործ հարուցվեց Արտակ Գինոսյանի դեմ, և մեղադրանք առաջադրվեց 8 մլն դրամի յուրացման փաստով: Ըստ մեղադրանքի` «Ջրմուղի» կողմից բնակչությանը վաճառված ջրաչափերի գումարները ոչ թե փոխանցվել են «Ջրմուղի» բանկային հաշվեհամարին, այլ հավաքվելով կանխիկ` յուրացվել են Արտակ Գինոսյանի կողմից: Վերջինս այդպես էլ չի ընդունել իր մեղքը: Պաշտպանական կողմն ի սկզբանե որդեգրել էր այն դիրքորոշումը, որ նախ պետք է 8 մլն դրամի պակասորդը հիմնավորել, որովհետև այն չլինելու դեպքում ինչ-որ մեկի կողմից չեղած գումարի յուրացման փաստ էլ չէր կարող լինել:
Արտակ Գինոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արտակ Ոսկանյանը նախ դիմել էր «Լոռու ջրմուղկոյուղուն»` խնդրելով որոշ տեղեկություններ հաղորդել ջրաչափերի քանակի և դրանց վաճառքից ստացված գումարների մասին, որոնք չէին տրամադրվել: Փաստաբանն ստիպված այդ մասին միջնորդել էր դատարանին, որի որոշմամբ` «Ջրմուղը» պարտավորվել էր ներկայացնել այդ փաստաթղթերը: Բայց դատարանի որոշումից հետո էլ դրանք չէին տրամադրվում: 2013թ. հունիսին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը, դատաքննությունը հայտարարելով ավարտված, գործը փոխադրել էր դատական վիճաբանությունների փուլ: Դատախազը մեղադրական ճառ էր հնչեցրել` անդրադառնալով այնպիսի հանգամանքների, որոնք հերքելու համար պաշտպանական կողմին անհրաժեշտ էին հենց այդ` դատարանի կողմից պահանջված ու չտրամադրվող տեղեկությունները: Պաշտպանական կողմը հայտարարում էր, որ քանի դեռ դրանք չկան, ինքը զրկված է ճառ ասելու, մեղադրող կողմի փաստարկներն ու մեղադրանքը հերքելու` օրենքով իրեն վերապահված իրավունքներից: Եվ վերջապես դատարանի կողմից որոշում կայացվելուց 6 ամիս անց` դատաքննության ավարտին, «Ջրմուղն» այդ տեղեկությունները տրամադրեց պաշտպանական կողմին: Դրանից հետո, Արտակ Ոսկանյանի խոսքով՝ մեղադրանքի պատկերն ամբողջովին փոխվեց:
Ըստ նրա` ձեռք բերված փաստաթղթերից հետևում է, որ պակասորդ ընդհանրապես չկա, կամ այն կարող է լինել 1 մլն դրամի չափով: Համաձայն այդ տեղեկությունների` 2008-09թթ.` այն ժամանակահատվածում, երբ, ըստ մեղադրանքի, վաճառված ջրաչափերի գումարի յուրացումը մեղսագրվում է Արտակ Գինոսյանին, «Ջրմուղը» վաճառել է 25 մլն դրամի ջրաչափ: Միաժամանակ նախաքննական մարմնի կողմից առգրավվել են ջրաչափերի վաճառքից «Ջրմուղի» հաշվեհամարին փոխանցված գումարների բանկային քաղվածքները, ըստ որոնց՝ նշված ժամանակահատվածում մուտքագրվել է 24 մլն դրամ գումար:
«Ստացվում է, որ «Ջրմուղի» հաշվեհամարին մուտքագրվել է 24 մլն դրամ, և «Ջրմուղը» նաև տեղեկություն է տալիս, որ այդ ժամանակահատվածում վաճառել է 25 մլն դրամի ջրաչափ: Ստացվում է, որ ջրաչափերի գծով պակասորդը կարող է կազմել 1 մլն դրամ: Մոտավորապես նույն թիվը ստացվում է նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունում արձանագրված տեղեկություններից»,- նշում է փաստաբանը:
Ակնհայտ են դարձել նաև մեղադրանքի հիմքում դրված, քրգործով ձեռք բերված այլ ապացույցների և, մասնավորապես, փորձագետի եզրակացության միջև եղած հակասությունները: Արտակ Ոսկանյանի խոսքով` 8 մլն դրամ պակասորդի վերաբերյալ իր եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ հիմք է ընդունել բացառապես նախաքննական մարմնի ներկայացրած փաստաթղթերը:
«Ի դեպ, դրանց մեջ չեն եղել ոչ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, ոչ «Ջրմուղի» տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռները` օրենքով սահմանված այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են վերադաս մարմիններին: Այդպիսի փաստաթղթեր փորձագետին չեն ներկայացվել»,- ասում է փաստաբանը` ընդգծելով, որ քրգործի հիմքում դրվել են «Ջրմուղի» մի քանի գույքագրման ցուցակներ և տեղեկանքներ (դրանք էլ ներկայացվել են տնօրեն Էդուարդ Վահանյանի կողմից):
«Նախաքննական մարմինն ու դատարանը, մի կողմ դնելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով և հարկային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը, հիմք են ընդունել ընդամենը դրանցից դուրս տրված «Ջրմուղի» ինչ-որ տեղեկանքներ»,- ասում է Ա. Ոսկանյանը: Նաև` «Ջրմուղի»` հարկային մարմնին ներկայացրած հաշվետվություններում ու հաշվապահական հաշվեկշիռներում 2008թ. դեբիտորական պարտքը կազմել է 313 հազար դրամ, 2009թ. պարտքը` մոտ 424 հազար դրամ, մինչդեռ նույն «Ջրմուղի» կողմից նախաքննական մարմնին են ներկայացվել դեբիտորական պարտքերի վերաբերյալ համապատասխանաբար 6 մլն և 4 մլն դրամի ցուցակներ: Բացի այդ, ըստ քրգործում առկա փաստաթղթերի և առաջադրված մեղադրանքի՝ 2008թ. դրությամբ պակասորդը կազմել է 6 մլն դրամ, մինչդեռ Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն` 2009 թ. մայիսի դրությամբ «Ջրմուղի» կողմից ջրաչափերի վաճառքի գծով պակասորդը եղել է 1.5 մլն դրամ:
Անդրադառնալով դատավարությանը` փաստաբանը նախ նշում է, որ դատավորի կողմից անգործություն է ցուցաբերվել, քանի որ նա պետք է հետևողական լիներ իր կայացրած որոշման կատարման մեջ: Դատավորը մերժել է նաև դատաքննությունը վերսկսելու` պաշտպանական կողմի գրավոր միջնորդությունը: Վերոնշյալ փաստաթղթերը դատարան են բերվել դատաքննության ավարտից հետո և, բնականաբար, չեն հետազոտվել: Եվ այժմ` դատական վիճաբանությունների փուլում, պաշտպանական կողմը դրանք չի կարողանում օգտագործել որպես ապացույց. Քր. դատ. օր.-ի 354 հոդվածը հստակ սահմանում է, որ դատական վիճաբանությունների փուլում կողմերն իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ: Նույն հոդվածով նոր ապացույցներ օգտագործելու անհրաժեշտության դեպքում կողմը միջնորդություն է անում՝ վերսկսելու դատաքննությունը:
Հիմք ընդունելով այդ նորմը` պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ վերսկսելու դատաքննությունը, հիմնավորելով, որ մեղադրանքը հերքող այդ ապացույցները պետք է հետազոտվեն. որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ճառ ասել, դատարանն էլ դատավճիռ կայացնելիս կարողանա գնահատել պաշտպանական կողմի ներկայացրած` մեղադրանքը հերքող ապացույցները, քանի որ Քր. դատ. օր.-ը դատարանին արգելում է դատավճիռ կայացնելիս հիմնվել այնպիսի ապացույցների վրա, որոնք չեն հետազոտվել դատաքննության ժամանակ: Նման միջնորդության դեպքում էլ դատավորը պարտավոր է պատճառաբանված որոշում կայացնել` բավարարել և վերսկսել դատաքննությունը կամ մերժել այն:
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը, սակայն, կայացրել է Քր. Դատ. օր.-ով չնախատեսված որոշում` նշելով, որ միջնորդությանը կանդրադառնա դատավճռում: Դատավորը փաստացի հրաժարվել է միջնորդությունը քննարկելուց: Փաստորեն` տվյալ իրավիճակում ձեռք են բերվել մեղադրանքը հերքող ապացույցներ, որոնց վկայակոչմամբ՝ պաշտպանական կողմը ցանկանում է հիմնավորել իր փաստարկներն ու ներկայացնել դրանք դատարանին:
«Բայց չեմ կարող այդ փաստաթղթերից հղում կատարել, որովհետև օրենքը ուղղակի արգելում է: Այսինքն` չի ապահովվում կողմերի իրավահավասարության, մրցակցության սկզբունքը, որովհետև դատարանը հետազոտել է մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ այն ապացույցները, որոնք հերքում են դրանք, ձեռք են բերվել դատաքննության ավարտից հետո, ընդ որում՝ ոչ պաշտպանական կողմի մեղքով, դատարանի որոշումը չկատարելու արդյունքում: Պաշտպանական կողմը ուղղակի զրկվում է օրենքով իր վրա դրված պարտականությունը կատարելուց»,- եզրափակում է Արտակ Ոսկանյանը:
Այժմ մեղադրյալ Արտակ Գինոսյանը ժամանակ է խնդրել` դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեու համար: Քանի որ տվյալ դեպքում մեղադրյալն ինքն է միջնորդություն ներկայացնելու, անհրաժեշտ է, որ նա ուսումնասիրի դատական նիստերի արձանագրությունները, բայց քրեակատարողական հիմնարկում հնարավորություն չի ստեղծվել ծանոթանակու կրիչների բովանդակությանը: Մինչդեռ դատավարական կողմերի իրավունքների իրականացումը նույնպես դատարանի պարտականությունն է:
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 5-ին:







































