Այսօր մահացել է հոկտեմբերի 30-ին դանակահարված «Օլե» ակումբի տնօրեն Մամիկոն Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ հոկտեմբերի 30-ին նրան դանակահարել է ակումբի հաճախորդներից մեկը։
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը,Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաև շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։









































