Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ փորձագիտական քննարկում «Արևմուտք-Ռուսաստան. առճակատում՝ մինչև ո՞ւր և որքա՞ն» խորագրով :
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը դիտարկումներ ներկայացրին Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս ու Սիրիա- Ռուսաստան-Արևմուտք դիմակայության ընթացքի ու հնարավոր ուղղվածության վերաբերյալ՝ մասնավորապես դրանք գնահատելով այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդության ներքո գտնվող հավաքական անվտանգության երկու դաշինքների՝ ՀԱՊԿ և ՆԱՏՕ ռազմավարական փաստաթղթերի համակցությամբ:
«Հայաստանը, սկսած 90-ականների վերջից, մասնակցում է Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրին, դրանից հետո Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաև անհատական ծրագրերի մակարդակով և հանդիսանում է հետխորհրդային երկրներից ՆԱՏՕ-ի հետ ամենաակտիվ և էֆեկտիվ համագործակցող երկիր:
ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարևոր է ոչ միայն համակարգի այլ նաև անդամ երկրների հետ համագործակցության առումով, դա իր անդրադարձն ունեցավ, այդ երկրների աջակցությունը հնարավորություն տվեց զարգացնել այն ոլորտները, որոնք նպաստել են ՀՀ ԶՈւ պատրաստվածության և մարտունակության վրա… ՆԱՏՕ-ն և ՆԱՏՕ անդամ երկրները չեն կարող ապահովել Հայաստանի համար անվտանգային երաշխիքներ, ոչ միայն ելնելով նրանից, որ Հայաստանը անդամ չէ, այլ նաև նրանից, որ կան որոշ ՆԱՏՕ անդամ երկրներ, օրինակ՝ Թուրքիան, որն իր դերն է խաղում այդ հարցում: Բայց դա չի նշանակում, որ պետք է կաշկանդված լինենք, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ռազմավարությունը կշարունակվի»,- նշեց Սերգեյ Մինասյանը: -ՀԱՊԿ-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հանդիսանում է «ամբրելա», ֆորմատ, որն իր մեջ ներառում է հայ-ռուսական ռազմատեխնիկական և ռազմավարական հարաբերությունները:
Մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն վերադառնում է իր «ոսկե դարին», երբ որ հանդիսանում էր ամենակարևոր ռազմաքաղաքական կառույցն աշխարհում: Մի բան, որը չկա և չի լինելու ՀԱՊԿ-ի համար: Մենք կունենանք մի իրավիճակ, որտեղ այդ հակամարտություններն ավելի լուրջ աստիճանի են հասնելու և Հայաստանի համար, որը միշտ փորձում է համադրել անհամադրելին, ավելի է դժվարանալու»:
«ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ն կունենա հերթական դեմոկրատական նախագահը»,- անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ այս տեսակետը հայտնեց Ս. Մինասյանը:
Նրա համոզմամբ՝ տարածաշրջանում Միացյալ նահանգների քաղաքականությունը չի ենթարկվի սկզբունքային փոփոխության, բայց ավելի ակտիվ կլինի, քանի որ Քլինթոնը ծանոթ է տարածաշրջանի առանձնահատկություններին: «Սպասվում է, որ Քլինթոնի ադմինիստրացիան ավելի կոշտ քաղաքականություն կունենա և հետխորհրդային տարածքում և Մերձավոր արևելքում, բայց քաղաքական իրադրությունը կարող է լրիվ այլ կերպ դասավորվել»:
Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ նույն ակնկալիքները կային նաև Բարաք Օբամայից, մասնավորապես ակնկալվում էր, որ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ն շեշտն ավելի շատ կդնի ներքին զարգացման վրա: «Օբաման հակված էր ավելի զուսպ արտաքին քաղաքականություն վարել, բայց իրականությունը եղավ հակառակը: Միացյալ նահագները ստիպված եղավ ներգրավվել անպիսի խնդիրների մեջ, որոնց Օբամայի ադմինիստրացիան պատրաստ չէր: Թե ինչ կհաջողվի անել Քլինթոնին, դժվար է ասել»,- նշեց Ս. Մինասյանը:
Ըստ Ս. Մինասյանի, Քլինթոնը տեղյակ է և ներգրավված է եղել «Ֆուտբոլային դիվանագիտությանը»: «Սա հույս է տալիս, որ Քլինթոնի նոր ադմինիստրացիայի ուշադրությունը Հայաստանի հանդեպ առավել ուշադիր կլինի, այսինքն՝ առավել ակտիվ և առավել դետալացված»:









































