Ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոսի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» և AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը ժամանակ առաջ դատի է տվել ՀՀ ՊԵԿ-ին և շահել է դատը, սակայն, նրա խոսքերով, դատարանի որոշումը ՊԵԿ-ում ի կատար է ածվել միայն այն բանից հետո, երբ ինքը նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: Օրերս Հայաստան ժամանած ամերիկահայ գործարարն ասում է, որ Հայաստանում կարելի է հաջողություն ունենալ առանց հայաստանցի գործընկերոջ` «օրթախի»: Նշենք, որ նաև շինարարական «Իտարգո» ընկերության տեր Հրաչ Կապրիելյանը մի քանի տարի Հայաստանում դատական վեճի մեջ է նախկին գործընկեր, ԲՀԿ-ական պատգամավոր, «Հայկարշին» ընկերության սեփականատեր Արագած Ախոյանի հետ: Ներկայացնում ենք Հրաչ Կապրիելյանի հետ մեր զրույցը:
– Պարոն Կապրիելյան, Հայաստանի գործարար միջավայրը ինչպե՞ս եք գնահատում, ճի՞շտ է, որ խնդիրներ եք ունեցել:
– Ես այստեղ ժամագործություն եմ անում, երբ ապրանքներս եկան, մաքսայինը երեք տարի պահեց ապրանքներս, և էնտեղ Գևորգ Ներսիսյան կար (ՊԵԿ հետաքննության վարչության պետ.- Մ. Խ.), ինձ ասեց` money laundering ես անում (փողերի լվացում): Ես երկու մլն դոլար եմ դրել ժամագործության մեջ, փող եմ կորցրել, ինձ ասում է` փողերի լվացում ես անում: Ուրիշը լիներ, փախել էր հիմա Հայաստանից: Դատի տվեցի, երեք ատյանում դատն էլ շահեցի: Չէր ստորագրում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վարչապետին նամակ գրեցի, մեկ օրվա մեջ ստորագրեց, վարչապետն օգնեց ինձ մեկ տարի առաջ: Իրականությունը սա է: Երեք ատյանում դատը շահեցի, և չէր ստորագրում ՊԵԿ նախագահը, եթե վարչապետը չլիներ, մեծ պրոբլեմ էի ունենալու, վարչապետը ստորագրել տվեց իրենց:
– Ձեր դեմ ի՞նչ ունեին, ինչ-որ փաստարկներ ունեի՞ն:
– Չունեին, վատություն էին անում:
– Նպատակը ո՞րն էր, պարոն Կապրիելյան:
– Վատություն անել, որ չհաջողեր այս գործը: 7 մլն դրամ տուգանք էին դրել, չտվեցի: Պրինցիպ դրեցի, որ չեմ տալու այդ դրամն իրենց, որովհետև հանցավոր չէի, օրենքով էի անում ամեն բան: Ինչ պետք ունեմ ես սխալ բան անելու:
– Ասել է թե` այստեղ բիզնեսի պայմանները բա՞րդ են սփյուռքահայ ներդրողների համար:
– Եթե հայաստանցի օրթախ ունես` այո: Եթե օրթախ չունես` պրոբլեմ չունես: Միայն մարքսայինը մի քիչ պրոբլեմ է, ապուշ-ապուշ օրենքներ կան: Մի փոքր սխալ են բռնում, միլիոնավոր տուգանքներ են դնում, մարդը, փախնում, գնում է: Եթե ուզում ենք, որ լավ լինի, այդ օրենքները պետք է փոխվեն: Սփյուռքի նախարարությունը դրսից եկող հային պետք է օգնի: Թե չէ քանի հոգի կա, որ մեզի պես կմնա, կռիվ կտա: Կթողնեն, կգնան: … Եթե Հայաստանի մեջ ուզում ես աշխատել, պետք չէ հայաստանցի օրթախ ունենաս: Մենակ կարաս հաջողել Հայաստանում, և քո աշխատավորներով կարող ես հաջողություն ունենալ: Եթե օրթախ ունես, կարող ես մեծ պրոբլեմներ ունենաս: Բացի դա, օրինակ` ագարակ ունեի Սիսիանում, կենդանիներ էի պահում, մի քիչ խաբեցին, մարդուն բռնեցի գողություն անելուց: Վարդենիսում մեկի հետ օրթախ եղա, որ պիտի կարտոֆիլ ցանեինք իրար հետ 21 հազար դոլարի, գումարը չտվեց: Ասեց, որ կտա, տղայի անունով երդվեց, բայց հետո փողը չտվեց: Վարդենիսում էլի 800 հեկտար հող վերցրեցի, որ կարտոֆիլ ցանենք մեկի` Տիգրան Մկրտչյանի հետ, հետո ինքը գնաց Ծառուկյանի մոտ, նրա հետ սկսեց աշխատել, նրա հետ օրթախ եղավ, իմ իրավունքները` ոչինչ: 400 հազար դոլարի ոռոգման համակարգ ու տրակտորներ էի բերել Ռուսաստանից, ապրանքներս մնաց էդպես: Հիմա էդ ամենն օգտագործում են, իսկ այդ Տիգրանը ինքնասպան եղավ: Ծառուկյանին էլ խաբեց:
– Պարոն Կապրիելյան, իսկ Հայաստանի իշխանությունների հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
– Ես իշխանությունների հետ կապ չունեմ: Պրեզիդենտին ճանաչում եմ, բայց էնպես չի, որ ամեն գալով գնում պրեզիդենտին տեսնում եմ: Նյու Յորք գալիս է, այնտեղ հայ համայնքի հետ գնում ենք ճաշի, տեսնում ենք:
– Պարոն Կապրիելյան, փաստորեն Ձեր հետ կապված որոշակի քրեական հետապնդում կա: ՀՔԾ-ում արդեն երեք տարի քննվում է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր պարտքերի գործը: Դուք պատրա՞ստ եք որևէ կերպ այդ հարցին լուծում տալ, թեկուզ ինչ-որ հաշտության եզր գտնել:
– Հաշտության` ոչ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև ոչ մի սխալ չեմ արել և հաշտվելու բան չունեմ, նպատակ չունեմ, թող իրականությունը մեջտեղ ելնի: …Պարտքը մենք վճարել ենք, իրենք ստորագրել են, որ վճարել ենք: Մենք թղթեր ունենք, որ Ախոյանի եղբայրը և տիկինը ստորագրել են, որ փողը վճարել ենք:
– Եթե իրոք վճարել եք և ունեք համապատասխան փաստաթղթեր, ինչո՞ւ ՀՔԾ-ում որոշում չի կայացվում այդ առթիվ:
– Իրենցից պիտի հարցնեք: Դատախազին հարցրեք, քննիչներին հարցրեք:
– Ի վերջո` ի՞նչն է պատճառը, Ձեր կարծիքով, որ ՀՔԾ-ում երեք տարի գործը քննում են ու չեն կողմնորոշվում` քրեական գործ հարուցեն, թե ոչ:
– Եթե հանցավոր եմ, թող հայտնեն և պատիժս կրեմ, բայց իրենք չեն կարող, և իմ իմանալով, վերևից` դատախազությունից են գործին ստոպ տալիս, որովհետև Ախոյանը իրեն շեֆ է կանչում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
– Ուզում եք ասել` Աղվան Հովսեփյանը ինչ-որ մասնակցությո՞ւն ունի այս գործում:
– Ինքն է ստոպ տվողը:
– Եթե հաշտության եզրեր գտնեք, Ձեր կարծիքով, ավելի հեշտ չի՞ լուծվի այս հարցը, թե՞ պատրաստ եք տարիներով դատարանից դատարան գնալ:
– Ես ուզում եմ, որ իրականությունը մեջտեղ ելնի, որովհետև ես ոչ մի հանցանք չունեմ այս գործի մեջ:
– Դուք Ձեզ բարեխիղճ ներդրող համարո՞ւմ եք: Արագած Ախոյանն, օրինակ, ասում է, որ Ձեր կապիտալը Հայաստանում Էժան եք գնել, խոստացել եք ներդրումներ անել, չեք արել:
– Մենք խոստացած ներդրումների քանակը անցել ենք, ավելի շատ ենք ներդրում արել: Ավելիով ծախսել ենք:









































