Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Պաոլե Ջենտիլոնին ու Էլմար Մամեդյարովը Բաքվում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մամեդյարովը հայտարարել է. «Իտալիան 2018 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում, և ես արտգործնախարարին իրազեկեցի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Մենք քննարկեցինք երկկողմ ու միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ»։
Ջենտիլոնին նույնպես հայտարարել է, որ իր երկիրը 2018 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում, որի ժամանակ պատրաստ է ջանքեր գործադրել բոլոր սառեցված հակամարտությունների, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ.
«Իտալիան նաև մտադիր է հատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՀԿ տիրույթում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը»։ Ընդգծվում է, որ 2017 թվականին Իտալիան կընդգրկվի ԵԱՀԿ «եռյակում»։








































