Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան սպառնացել է ընդլայնել նավթի արդյունահանումը, եթե Թեհրանը հրաժարվի նավթարդյունահանման ներկայիս ծավալի սառեցումից։
Այդ մասին հայտնել են ՕՊԵԿ-ում լրատվամիջոցի 4 աղբյուրները։ Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ի երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սպառնաց նավթի օրական արդյունահանման ծավալը մեծացնել մինչև 11-12 միլիոն բարելի և դադարեցնել նավթարդյունահանման սառեցման քննարկումները։
Իրանը սակայն պնդում է, որ նավթի արդյունահանման ծավալը պետք է հասցնի օրական 4.2 միլիոն բարելի, ինչից հետո նոր պատրաստ կլինի սառեցնել նավթի արդյունահանման ծավալը։
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պնդում են, որ Իրանը նավթի արդյունահանման օրական մակարդակը պետք է պահպանի 3.66 միլիոն բարելի վրա։ Այդ դեպքում Սաուդյան Արաբիան պատրաստ կլինի նավթի արդյունահանման մակարդակն օրական նվազեցնել մինչև 10.2 միլիոն բարելի։









































