Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հնարավոր չի համարում հաջորդ տարի պատերազմը Ռուսաստանի հետ։ Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության հարցերով կոմիտեի անդամների հարցերին։ Վերջիններս հղում էին արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ Ռիչարդ Շիրեֆի կարծիքին, որն արտահայտվել է նրա “2017: War with Russia: An Urgent Warning from Senior Military Command” գրքում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Շատ մարդիկ գրքեր են գրում և փորձում դրանք վաճառել, նրա գիրքն էլ շատ լավն է, սակայն ես չեմ համաձայնի այն բանի հետ, որ հաջորդ տարի հնարավոր է պատերազմ Ռուսաստանի հետ, կարծում եմ՝ դա խիստ չափազանցված է։ Մենք այս տարի և նախորդ տարիներին ականատես ենք եղել Ռուսաստանի կողմից շատ ավելի ագրեսիվ գործողությունների, ինչ վերաբերվում է հեռավոր ավիացիայի թռիչքներին, սուզանավերի ակտիվությանն ու ավիակիր հարվածային խմբին…Սակայն ես չեմ կարծում, որ դա հանդիսանում է հաջորդ տարի բաց հակամարտության նախանշան»։
Պատասխանելով հարցին այն մասին, թե Բրիտանիան 2018-ին և 2019-ին կունենա՞ հնարավորություններ Ռուսաստանին զինված դիմակայելու համար, Ֆելոնն ասել է. «Այո, մենք պատրաստ կլինենք արագացնելու գործողությունների ընթացքը նման իրավիճակի ուղղությամբ, որը ես դեռևս չեմ կանխատեսում։ Եվ իհարկե, մենք դա չենք անի ինքնուրույն։ Մենք դա կանենք որպես ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ»։









































