Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ թուրքական Cumhurriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը հայտարարել է, որ Թուրքիայում ներկայումս այլակարծների դեմ սկսված բռնությունների ալիքը թեստ է Եվրոպայի համար.
«Գերմանիան ու Եվրոպան պետք է որոշեն, թե ում կողմն են նրանք գտնվելու՝ ժողովրդավարությա՞ն, թե՞ ճնշողների։ Արդյոք նրանք ցանկանո՞ւմ են Թուրքիան Մերձավոր Արևելքում տեսնել որպես ճնշող ռեժիմով երկիր, թե՞ տեսնել որպես ժողովրդավարական, աշխարհիկ ու ազատ երկիր։
Կարծում եմ, որ դա լակմուսի թուղթ կլինի թե՛ Գերմանիայի, թե՛ Եվրոպայի համար»։ Դյունդարը ծիծաղելի է համարել Cumhurriyet թերթի ղեկավարության ու լրագրողների հանդեպ Անկարայի առաջ քաշած մեղադրանքները.
«Ավելի լավ կլինի, եթե իշխանությունները հայտարարեն, որ չեն ցանկանում լսել այլընտրանքային որևէ ձայն և հանդուրժել անգամ ամենափոքրագույն ընդդիմությանը։ Չէ՞ որ Cumhurriyet-ն իր գոյության ողջ պատմության ընթացքում և հատկապես վերջին 20-30 տարում պայքարել է արմատական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ։
Եվ եթե իշխանություններն այժմ այդ թերթին մեղադրում են «գյուլենականությանն աջակցելու» համար, ապա ոչ ոք չի կարող հավատալ դրան։ Ավելի լավ է, որ նրանք ասեն, թե փորձում են զավթել վերջին բաստիոնը։ Դա կլիներ ճշմարտացի»։
Հոկտեմբերի 31-ի առավոտյան Թուրքիայի իշխանությունները ձերբակալալել են Cumhurriyet թերթի ղեկավարության անդամներին ու լրագրողական անձնակազմին։ Ձերբակալվածների տներում իրականացվել են խուզարկություններ։
Դատախազությունը նրանց մեղադրել է Գյուլենին աջակցելու համար, որը Անկարայի պնդմամբ՝ հուլիսին կազմակերպել է Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը։









































