Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» հյուրանոցառեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի` 4 անձանց մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2013-ի փետրվարի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ, 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը: Մահվան պատճառը եղել էր գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը, որի հետևանքով նրանք թունավորվել էին:
Ամբաստանյալի աթոռին «Դրախտ»-ի տնօրեն, 62-ամյա Սամվել Թորոսյանն է: Ըստ մեղադրանքի` նա 2012 թ. օգոստոսի 31-ից աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն և հիշյալ ընկերությանը պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ:
Նրան առաջադրված մեղադրանքի (279 հոդվածի 3-րդ մաս) սանկցիան նախատեսում է պատիժ` տուգանք` 300.00-ից 500.000-ի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը` 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Բայց հետաքրքիր է, թե մինչև Սամվել Թորոսյանի պաշտոնավարումը ո՞վ է եղել «Դրախտի» գործադիր տնօրենի պաշտոնում և ինչպե՞ս է գլուխը պրծացրել նախորդ դժբախտ դեպքից հետո:
Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 22-ին, նույն օբյեկտի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել էին Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչներ, ազգականներ 29-ամյա Հայկուշ Գ.-ի և 49-ամյա Մանվել Պ.-ի դիակները: Այն ժամանակ, ըստ մամուլում տարածված նախնական տվյալների, նրանց մահվան պատճառը կրկին եղել էր վառարանից արտանետված շմոլ գազը, որը փակ տարածքի վատ օդափոխության պատճառով կուտակվել էր սենյակում, ինչի հետևանքով կինն ու տղամարդը նախ ուշագնաց էին եղել, ապա` խեղդվել: Մահացածների դիակները հայտնաբերել էին «Դրախտի» աշխատակիցները:
Այս օբյեկտը դաժան է գտնվել նաև քրեական հեղինակությունների հանդեպ. մեր տեղեկություններով հենց այդ օբյեկտում է սպանվել Լոռու մարզում ահուսարսափ տարածած Ճաճոյի Էդո մականվամբ հեղինակությունը:
Հ.Գ. Երևի ճիշտ կլինի, որ օբյեկտի տերն ու նոր տնօրինությունը կամ գազի շահագործման կանոնները պահպանեն կամ միանգամից օբյեկտի անունը փոխեն ու դնեն «Դժոխք», … որ մարդիկ իմանան ու եթե «գործեր, նպատակներ չունեն»` միանգամից «գան» այստեղ…
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի









































