Գերմանիան զանգերի գաղտնալսման և համացանցի օգտատերերին լրտեսելու շուրջ բարձրացած աղմուկից հետո չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագրերը, որոնք Բեռլինի արևմտյան դաշնակիցներին թույլ էին տալիս լրտեսել ԳԴՀ տարածքում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ը, ուրբաթ օրը ԳԴՀ կառավարությունը Բեռլինում համապատասխան նոտաներ է փոխանակել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ: Դրանից հետո համաձայնագրերը պաշտոնապես կորցրել են իրենց ուժը: Հավելենք նաև, որ այդ համաձայնագրերը կնքվել են 1968 և 1969 թվականներին։
«Վարչական համաձայնագրերի չեղյալ հայտարարումը, ինչը մենք պնդում էինք վերջին շաբաթների ընթացքում, անհրաժեշտ և ճիշտ որոշում է՝ անձնական ոլորտի պաշտպանության վերջին բանավեճերից հետո»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելեն:
Նշենք, որ այդ համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մտադրության մասին ԳԴՀ կառավարությունը հայտնել էր մի քանի շաբաթ առաջ:







































