Պարենի համաշխարհային օրը (World Food Day), որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին, հռչակվել է 1979 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության համաժողովում: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Օրվա գլխավոր նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը աշխարհում գոյություն ունեցող պարենային խնդիրների վերաբերյալ: Այն նաև առիթ է՝ մտածելու, թե ինչ պետք է անել լուծելու համար գլոբալ հիմնախնդիրները՝ մարդկությանը սպառնացող սովը, թերսնումը և աղքատությունը:
Պարենի համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (Food and Agriculture Organization of the United Nations, FAO) ստեղծման օրվա՝ 1945 թվականի հոկտեմբերի 16-ի կապակցությամբ:
Այդ օրը կազմակերպվում են բազմաթիվ բարեգործական ակցիաներ, որոնք մեծ նշանակություն ունեն «երրորդ աշխարհի» երկրների աղքատ վիճակի թեթևացման գործում: Միության ակտիվիստները այդ օրը մասնակցում են բազմաթիվ կոնգրեսների և համաժողովների, իսկ տարբեր խաղաղարար կազմակերպություններ օգնություն են հասցնում բնական աղետներից տուժած շրջաններ:









































