Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Բրազիլիայում Թուրքիայի արդեն նախկին դեսպան Հուսեին Լազիփ Դիրիյոզը նշանակվել է Ռուսաստանում Թուրքիայի նոր դեսպանի պաշտոնում: Համապատասխան որոշումը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Որոշման համաձայն՝ 7 դեսպաններ փոխել են երկիրը, նաև նշանակվել են 12 նոր դեսպաններ: 60-ամյա Հուսեին Դիրիյոզը, որը թուրք ամենափորձառու դիվանագետներից է, Մոսկվայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ումիթ Յարդըմին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:
Հուսեին Դիրիյոզը Թուրքիայի ԱԳՆ-ում աշխատում է 1978 թվականից, ուր գլխավորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության դեպարտամենտը, իսկ հետո՝ ԶԼՄ-ների ու հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը:
Դիրիյոզը 2004-2008 թվականներին հանդիսացել է Հորդանանում, իսկ 2013 թվականից՝ Բրազիլիայում Թուրքիայի դեսպան:
Հիշեցնենք, որ 2010-2013 թվականներին Դիրիյոզը եղել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական ու պլանավորման քաղաքականության հարցերով տեղակալը:
Դա 31-ամյա ընդմիջումից հետո առաջին դեպքն էր, որ թուրք դիվանագետը դարձավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ: 1973-1979 թվականներին Մեհմեթ Նիմեթ Օզդաշը եղել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ գիտական հարցերով տեղակալ:









































