ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ հանրապետական մրցակցի՝ Դոնալդ Թրամփի հաղթանակն ընտրություններում հղի կլինի «ապոկալիպտիկ» հետևանքներով։
Նա նման կարծիք է հայտնել New York Times-ին տված հարցազրույցում, որը կհրապարակվի կիրակնօրյա համարում, սակայն արդեն հասանելի է էլեկտրոնային տարբերակով։
«Ես վերջինն եմ, որ կանգնած է ձեր և ապոկալիպսիսի միջև»,- հայտարարել է Քլինթոնը՝ ավարտելով զրույցը լրագրողի հետ։
Այժմ հասարակական կարծիքի համընդհանուր տվյալներով՝ Քլինթոնն առաջատար է 6.2 տոկոսով։
Քաղաքական կանխատեսումների շուկաներում հաղթանակի նրա շանսերը ներկա պահին գնահատվում են 89 տոկոս ընդդեմ 11 տոկոսի։ Արդյունքները սկսել են նրա օգտին բարձրանալ այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին հանրապետականի շուրջ նոր սկանդալ բռնկվեց՝ կապված կանանց մասին նրա գռեհիկ արտահայտությունների հետ։









































