Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կտրուկ դատապարտել է «ահաբեկիչների և համաշխարհային տերությունների» կողմից քրիստոնյաների հետապնդումը ու այդ կապակցությամբ նույնիսկ հայտարարել, որ հիմա կարելի է խոսել «արյան էկումենիզմի» մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Երբ ահաբեկիչները կամ համաշխարհային տերությունները հետապնդում են քրիստոնյա փոքրամասնություններին կամ քրիստոնյաներին, չեն հարցնում՝ «Դու լութերակա՞ն ես: Դու ուղղափա՞ռ ես: Դու կաթոլի՞կ ես: Դու ռեֆորմի՞ստ ես: Դու հոգեգալստակա՞ն ես»»,- ասել է Հռոմի պապը Վատիկանում Christian World Communions միջազգային կրոնական կազմակեպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ նրանց համար, ովքեր հետապնդում են քրիստոնյաներին, կարևոր է հենց այն, որ նրանք քրիստոնյա են:
«Թշնամին չի սխալվում, նա հիանալի գիտի՝ որտեղ է Հիսուսը: Հենց դա է արյան էկումենիզմը: Այսօր մենք դրա վկաներն ենք…»,- հայտարարել է Հռոմի պապը:





































