Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2016 թվականի առաջին 9 ամսվա արդյունքներին նվիրված կառավարության սոցիալ-տնտեսական նիստի ժամանակ հայտարարել է, որ այս տարի Ադրբեջանում անցկացվել է հանրաքվե, որը մեծ նշանակություն ունի իրենց երկրի համար.
«Հանրաքվեն անցկացվել է ժողովրդավարական ճանապարհով, արդար և թափանցիկ։ Ավելի քան 100 դիտորդներ հետևել են հանրաքվեի ընթացքին։ Մի շարք միջազգային գործակալություններ անցկացրել են exit-poll-երը։ exit-poll-երի արդյունքներն ու պաշտոնական արդյունքները համընկել են։
Եվ դա բնական է, քանի որ հանրաքվեն եղել է արդար, թափանցիկ։ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները բարձր գնահատական են տվել հանրաքվեին։ Դա նույնպես ունի մեծ նշանակություն, քանի որ եվրոպական կառույցները սովորաբար քննադատում են մեզ։
Ադրբեջանի ժողովուրդը հանրաքվեին «այո» ասելով աջակցություն հայտնեց մեր քաղաքականությանը։ Ցանկանում եմ իմ ժողովրդին հիշեցնել, որ այս ճանապարհով գնալու եմ նաև այսուհետ և ապահովելու եմ Ադրբեջանի զարգացումը»։







































