«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ընտրություններին մասնակցում են ոչ թե տեղեր ունենալու, այլ երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում որևէ ընդդիմադիր կուսակցություն առանձին հնարավորություն չունի հասնելու այդ փոփոխություններին: «Ուստի հակված ենք գաղափարական նույն մոտեցում ունեցող ուժերի հետ հանդես գալու միասնական ճակատով»,- ասաց նա՝ իհարկե, չբացառելով ոչինչ:
«Մենք տեսնում ենք, որ այս երկրում փոփոխություններն անհրաժեշտություն են, յուրաքանչյուր հաջորդ իշխանություն փնովում է նախորդին, ու երկրի ղեկավարը չի ասում, որ դրա մեղավորն ինքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք հակված են ռադիկալ փոփոխությունների:
Նրա խոսքով՝ իրենք հակված են երկրում «էս եվրասիական հետամնաց համակարգը փոխելու, որպեսզի Հայաստանը շարժվի բացարձակ նոր համակարգով, նոր մոդելով՝ համարժեք արևմտյան արժեքներին»:
«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր երկիրը սկսել է կառավարել ոչ թե Հանրապետական, այլ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, ուստի սպասելիքներ չունեմ»,- նշեց Արամ Սարգսյանը՝ ավելացնելով, որ որևէ նոր կառավարություն չի կարող փոփոխություն բերել:
Ինչ վերաբերում է մարզպետների փոփոխությանը, «Հանրապետության» առաջնորդը դա համարեց կարուսել, որին չարժե լուրջ վերաբերվել:










































