Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կարող են մասնակցել Սիրիայի Ռաքքա քաղաքից ԴԱԻՇ-ին վտարելու հնարավոր գործողությանը:
«Պետք չէ զուգահեռներ անցկացնել Ռաքքայի ու Էլ-Բաբայի շրջանների գործողությունների միջև: Ռաքքայում հիմնականում կլինի օդային գործողություն: Թուրքիան իր գործողությունները համաձայնեցնում է Սիրիական ազատ բանակի հետ»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ իրեն դիմել է Ռաքքայից ԴԱԻՇ-ին վտարելու համատեղ գործողություն իրականացնելու առաջարկով:
Էրդողանը մանրամասնել էր, որ հավանություն է տվել ամերիկյան առաջարկին, սակայն պայմանով, որ այդ գործողությանը չպետք է մասնակցեն Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները:







































