Բրիտանիան իր զինվորականներին կազատի մարտական գործողությունների գոտում Մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիայի գործողությունից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի վարչապետ Թերեզա Մեյի և պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի հայտարարությունը:
Իշխող Պահպանողական կուսակցությունը քննադատել է պատերազմների, առաջին հերթին՝ Իրաքում և Աֆղանստանում, մասնակիցների դատական հետապնդման պրակտիկան: Մեյը և Ֆելոնն այդ պրակտիկան անվանում են «կախարդուհիների հետապնդում»:
Իշխանությունների տվյալներով՝ դատական արշավի շրջանակներում 1500 գործ է հետաքննվում: Այդ գործընթացների վրա բյուջեի ծախսերը գնահատվում են 100 մլն ֆունտ ստերլինգ:
«Մեր զինված ուժերը լավագույնն են աշխարհում: Տղամարդիկ և կանայք, որոնք ծառայում են բանակում, մեծ զոհողությունների են գնում, որպեսզի մենք անվտանգ լինենք»,- ասվում է ուղերձում:
«Մենք նրանց վարձահատույց կլինենք երախտագիտությամբ և վերջ կդնենք անհիմն հայցերին, որոնք ներկայացվում են նրանց դեմ, ովքեր ծառայել են նախորդ հակամարտությունների ժամանակ»,- նշվում է հայտարարության մեջ:
2010թ. բրիտանական կառավարությանը կից ստեղծվել է հատուկ հետաքննչական խումբ: Այն հետաքննել է Իրաքում քաղաքացիական անձանց կողմից 2003-2009թթ. բրիտանացի զինվորականների դեմ առաջադրված մեղադրանքները: Խմբի հետաքննած 326 հայցերով Բրիտանիայի կառավարությունը ավելի քան 20 մլն ֆունտ է վճարել:







































