Չինացի և կանադացի գիտնականներն իրարից անկախ քաղաքային թաղամասերում հաջողությամբ իրականացրել են քվանտային տելեպորտացիայի փորձեր՝ ավելի քան 8 կիլոմետր հեռավորության վրա: Փորձերի արդյունքները հրապարակվել են Nature Photonics գիտական ամսագրում:
Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանից հետազոտողների խումբն իրականացրել է ֆոտոնների տելեպորտացիա 12,5 կմ հեռավորության վրա Հեֆեյ քաղաքում: Դրա համար օգտագործվել են սովորական օպտիկամանրաթելային ցանցեր: Իսկ նրա կանադացի գործընկերները այդպիսի փորձ են կատարել Կալգարի քաղաքում՝ 8,2 կմ հեռավորության վրա:
Երկու երկրների մասնագետները տարբեր մոտեցումներ են կիրառել: Չինացիներն իրենց ալիքով տելեպորտացիա են արել մեկ ժամում 2 ֆոտոն, բայց «ավելի մեծ հուսալիությամբ»: Իսկ կանադացիները կարողացել են փոխանցել մինչև 17 մասնիկ մեկ րոպեում, բայց նրանց տեխնոլոգիան տարբերվում է «պակաս ճշգրտությամբ և գործնականում կիրառման համար մի շարք սահմանափակումների առկայությամբ»:








































