Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ-ում լինելիս քննարկելու է սիրիական բանակին միջազգային դաշինքին ավիահարվածներ հասցնելու հարցը:
«Սիրիական բանակի դիրքերին դաշինքի ավիահարվածի մասով ԱՄՆ-ը հայտարարել է, որ դա սխալ է եղել: Բնականաբար, այցի ժամանակ ես հնարավորություն կունենամ առաջին ձեռքից իմանալ, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի հետ բախման գոտուց դուրս է բերել 30 ամերիկացի հատուկջոկատայինի:
«Սիրիական ազատ բանակը չի ցանկանում ԱՄՆ-ի օգնությունը՝ կապված սիրիական ընդդիմության հանդեպ ամերիկացիների վերաբերմունքի հետ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր, որ Սիրիական ազատ բանակի ջոկատները Սիրիայի հյուսիսում գտնվող Էր-Ռաի քաղաքից ամերիկացի հատուկջոկատայիններին դուրս են մղել թուրքական սահմանի ուղղությամբ, իսկ Թել Աբյադի շրջակայքում գնդակոծել են նրանց՝ չնայած ամերիկացի զինծառայողների կողմից ԱՄՆ դրոշը բարձրացնելուն:







































