Էջմիածնում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Ընտրատեղամասերում այսօր գերլարված է: Հանձնաժողովի անդամները չեն կարողանում հանգիստ իրենց գործառույթները կատարել: Այսօր նախատեսված է, որ պետք է անհատական կնիքների բաշխում տեղի ունենա, ինչպես նաև հանձնաժողվի անդամների գործառույթների բաշխում, սակայն առավոտվանից մի շարք տեղամասերում չի հաջողվում իրականացնել համապատասխան գործողությունները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ահազանգել են 19/16 տեղամասից՝ պնդելով, որ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը շրջում է տեղամասերում՝ հայտարարելով, որ ընտրություններ վաղը չեն կայանալու, հանձնաժողվի անդամները ոչինչ չանեն: Տեղամասի հանձնաժողովի անդամների խոսքով՝ միջադեպը հաջողվել է հարթել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով դիմում գրելուց հետո:
«Առաջին լրատվական»-ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանից, որը, սակայն, հերքեց. «Ես ի՞նչ գործ ունեմ, որ նման բան անեմ, թող իշխանություններն անեն, այդպիսի բան չեմ արել, ստում են»,- շեշտեց Աբգարյանը՝ հորդորելով իրեն այլևս հարցեր չուղղել:
Նշենք նաև, որ չնայած այսօր լռության օր է, Էջմիածնում շարունակում են նախընտրական թռուցիկներ բաժանել՝ «Մենք պիտի Էջմիածինը մաքրենք Մանվելից և մանվելիզմի» բովանդակությամբ:
Լուսանկարը` azatutyun.am-ի







































