ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությանը ԶԼՄ-ների այն հաղորդագրությունից հետո, որ Պենտագոնը դեմ է հանդես գալիս այդ պայմանավորվածություններին, հայտնում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումը, որը սկսվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանավորվածությունների համաձայն, «մեծ մասամբ պահպանվում է»:
«Ես երախտագիտություն եմ հայտնում Քերիին (Ջոն) համաձայնության կնքման համար, որը եթե կատարվի, կնվազեցնի սիրիական ժողովրդի տառապանքները, դա շատ կարևոր է մեզ համար, դա շատ կարևոր է նախագահի համար»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկարացնել երկուշաբթ ուժի մեջ մտած 48-ժամյա հրադադարը ևս 48 ժամով: Համաձայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անցյալ շաբաթ Ժնևում ձեռք բերված համաձայնության` 7 օր հաջող հրադադարից հետո ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է սկսեն Սիրիայի տարածքում հարվածների կոորդինացումը:







































