ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցություն է հայտնել Ուզբեկստանի ժողովրդին՝ կապված երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Նախագահ Իսլամ Քարիմովի հեռանալու դժվարին ժամանակում ԱՄՆ-ը Ուզբեկստանի ժողովրդին հերթական անգամ հայտնում է իր աջակցության մասին»,- հայտարարել է Օբաման։
«Այս շաբաթ ես շնորհավորել եմ նախագահ Քարիմովին և Ուզբեկստանի ժողովրդին՝ երկրի անկախության 25-ամյակի առթիվ։ Ուզբեկստանը նոր գլուխ է սկսում իր պատմության մեջ, ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, հանձնառու է Ուզբեկստանի հետ գործընկերության, աջակցում է նրա ինքնիշխանությանը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Քարիմովի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
«Գլխավոր քարտուղարը վշտով իմացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին։ Նա անկեղծ ցավակցություն է հայտնում նախագահ Քարիմովի ընտանիքին, Ուզբեկստանի կառավարությանն ու ժողովրդին»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլո ծառայության հաղորդագրությունում։







































