Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան Սիրիային զգուշացրել է Ռուսաստանի միջնորդությամբ նրա տարածքում «Եփրատի վահան» գործողության մեկնարկի մասին:
«Բոլոր շահագրգիռ կողմերը՝ ներառյալ Դամասկոսը, տեղյակ են եղել «Եփրատի վահան» գործողության սկսման մասին: Դամասկոսը իրազեկվել է Ռուսաստանի միջոցով: Մենք վստահ ենք դրանում:
Մենք չենք պատրաստվում մշտական ուժ դառնալ Սիրիայում: Թուրքիան զավթիչ չէ, մենք չենք մտնում պատերազմի մեջ և չենք դառնում ռազմական հակամարտության կողմ:
Սակայն եթե տարածաշրջանում պահպանվի սպառնալիքը մեր անվտանգության նկատմամբ, ապա մենք անմասն չենք մնա: Գործողության նպատակը տարածաշրջանը ԴԱԻՇ-ից մաքրելն է և միջանցք ստեղծելու հարցում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերին խանգարելը: Եթե դա տեղի ունենա, Սիրիան կմասնատվի»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:









































