Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը շաբաթ օրը հայտարարել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները մուտք ունեն երկրի բարձրագույն ղեկավարության էլեկտրոնային փոստերին:
«Միացյալ Նահանգների այդ գործակալները մուտք ունեն Բոլիվիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների էլեկտրոնային փոստերին»,- նշել է Մորալեսը:
Ըստ նրա խոսքերի՝ ինքը այդ տեղեկատվությունը ստացել է Մոնտևիդեոյում կայացած Հարավամերիկյան ընդհանուր շուկայի գագաթնաժողովի ժամանակ Լատինական Ամերիկայի երկրների «ընկեր նախագահների» կողմից:
«Նրանք լրտեսությամբ են զբաղվում, հետևում են մեզ, որպեսզի տիրանան մեր բնական ռեսուրսներին»,- ասել է Մորալեսը:
Մորալեսը կրկին ընդգծել է, որ պատրաստ է ապաստան տալ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին՝ հանուն միջազգային նորմերի ու պայմանագրերի իրականացման:







































