Երկուշաբթի Բելգիայում կյանքի 95-րդ տարում մահացել է բելգիացի ջազ-երաժիշտ Թութս Թիլեմանսը: Այս մասին հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Թութս Թիլեմանսը մահացել է երկուշաբթի առավոտյան՝ քնի մեջ: Ոչ մի բարդություն չի եղել, նա մահացել է ծերությունից, նրա օրգանիզմը պարզապես ուժասպառ է եղել»,- հայտնել է Թիլեմանսի ներկայացուցիչ Վեերլե Վան դե Պոլը:
RTBF-ի տեղեկությամբ՝ երաժիշտը հուլիսից հոսպիտալացված է եղել ընկնելուց հետո:
Թիլեմանսը ծնվել է 1922թ. ապրիլի 29-ին, Բրյուսելի Մարոլ շրջանում: 16 տարեկանում սկսել է նվագել շրթհարմոն: 1952 թ. երաժիշտը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է ելույթ ունենալ ջազի աստղերի հետ, և ինքն էլ դարձել է համաշխարհային աստղ, այդ թվում՝ Ֆրենկ Սինատրայի և Էլլա Ֆիջերալդի հետ համագործակցության շնորհիվ:
Կյանքի վերջին տարիները երաժիշտն անցկացրել է Բելգիայում:




































